Կարևոր իրադարձություններ

Արցախում յուրաքանչյուրը պետք է փորձի գոյապահպանական խնդիր լուծել. Խաժակյան

16 Մայիս, 2023 15:34
Արցախում յուրաքանչյուրը պետք է փորձի գոյապահպանական խնդիր լուծել. Խաժակյան

Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանրահավաքը: Ինչպես նկատելի էր, մասնակիցները շատ չէին, չնայած նրան, որ խոսվում էր մեծ հավաքի մասին:

Հանրահավաքին հաջորդեց ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքը, ըստ որի` ինքը որոշել է ընդառաջ քայլ կատարել`հավաքի ներկայացուցիչներին առաջարկելով սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Հետաքրքրականն այն է, որ այս հայտարարությունը եղավ այն պարագայում, երբ Արցախում քաղաքական առումով ակնհայտ լարվածության մթնոլորտ չկար:

Վերլուծելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը`հարց է առաջանում՝ Արցախում փորձում են իշխանությունը կիսե՞լ:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ, ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Արցախում ներկայումս տարբեր գործընթացներ են ընթանում, սակայն մի բան հստակ է, Ստեփանակերտը պետք է շարունակի ներգրավված մնալ Բաքվի հետ երկխոսությանն ու առաջ մղի արցախահայության շահերը:

«Որքան սույն օրակարգի շուրջ միասնականություն լինի, այդքան լավ: Հաշվի առնենք, որ եթե ներքին խմորումները միտված են նրան, որպեսզի երկխոսություն ծավալվի արցախահայության անվտանգության և իրավունքների շուրջ, ապա դա կարող է լինել: Ցավոք սրտի, ես դեռևս միասնական դիրքորոշում արցախյան ուժերի կողմից չեմ տեսնում, իսկ մնացյալն իրենց ներքաղաքական գործընթացների հետևանքն է»,- ասում է նա:

Վերջինս, անդրադառնալով ԼՂ նախագահի ընդառաջ քայլ անելու որոշմանը, դժվարանում է ասել` որն է դրա իրական պատճառը:

Ըստ Խաժակյանի` Արցախից հնչող հայտարարությունները, այդ թվում՝ նաև հանրահավաքների ժամանակ, հիմնականում լինում են բարձրագոչ հայրենասիրական, քաղաքական բովանդակություն ու մեսիջներ չպարունակող տեքստեր:

«Եթե պետք է հավաքվեն՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումներն ու տեքստերը, ապա դա միայն դրական կհամարեմ: Սակայն նկատելի է, որ Արցախում մինչ այժմ եղած բազմամարդ հանրահավաքների ժամանակ հնչած ելույթներն անիրատեսական են եղել: Ես այդ ժամանակ ցանկանում եմ լսել աշխարհին ուղղված իրատեսական մեսիջներ, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն լինում»,- նշում է քաղաքագետը:

Խաժակյանի կարծիքով՝ Արցախում հիմա իրավիճակն այնպիսին չէ, որ նրանք իշխանությունը կիսելու մոտիվներ ունենան ու նման քաղաքականություն որդեգրեն:

«Արցախում յուրքանչյուրը պետք է փորձի գոյապահպաական խնդիր լուծել: Կարծում եմ` իրենք պետք է ունենան միասնական ուղղություն, տրամաբանություն ու կոնսենսուս որևէ իրավիճակում այս կամ այն կերպ վարվելու, որովհետև հասկանալի է` Արցախում նոր իշխանություն ձևավորելու գործընթացը հազիվ թե հնարավոր իրողություն է: Սա նշանակում է, որ արցախցիներն իրենց առաջ ծառացած խնդիրները պետք է փորձեն լուծել միասնաբար. քաղաքական կոնսենսուսով»,- ընդգծում է Դավիթ Խաժակյանը:

 

ՆատալիՄկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին