Կարևոր իրադարձություններ

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են մի քանի տասնյակ մասնագետներ

31 Մարտ, 2023 14:35
«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են մի քանի տասնյակ մասնագետներ

2022 թ․-ի ընթացքում «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում վերապատրաստում են անցել բնակչության հետ առաջնային շփում ունեցող մի քանի տասնյակ մասնագետներ՝ 30 միգրացիոն ծառայողներ, 142 սոցիալական աշխատողներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) 47 աշխատակիցներ։ Այս մասին հայտնում են «Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիա» ՀԿ-ից։

Օրերս ՀՀ ոստիկանությունը հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ.-ին կատարված աշխատանքների արդյունքները։

Ըստ այդմ՝ 2022 թ.-ի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 3-ը վերաբերել են աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։ Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են։

Մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման նպատակով նախորդ տարվա ընթացքում պետական գերատեսչություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել են իրազեկման արշավներ ու տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը։

Դրանցից մեկը դեռևս 2021 թ.-ին մեկնարկած «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրն է, որն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ -ների հետ միասին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ու աջակցությունը, աջակցել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։

Ծրագրի հիմնական շահառուներն են ՀՀ ոստիկանության ծառայողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, ԱԱՏՄ տեսուչներ, սոցիալական աշխատողներ, առողջապահական և միգրացիոն ոլորտի ծառայողներ, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ծառայողներ, թրաֆիքինգի պոտենցիալ 

զոհեր, նրանց հարազատներ և մարդիկ, ովքեր կարող են անգիտությամբ ներգրավվել թրաֆիքինգի իրագործման շղթայում:

«2022 թ․-ի ընթացքում «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում բնակչության, այդ թվում առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները շարունակվում են նաև այս տարի»,-նշում է ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ու վստահեցնում, որ տարբեր ոլորտներում ներդրված ուղեցույցներն ու մասնագետների կարողությունների զարգացումն առաջիկա տարիներին զգալի արդյունքներ կտան ինչպես զոհերի հայտնաբերման, այնպես էլ նրանց մատուցվող ծառայությունների բարելավման գործում։ 

Բացի վերապատրաստումներից ներդրվել են նաև Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները (http://antitrafficking.am/gov-indicators/), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ներդրվել են Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները (https://drive.google.com/file/d/1Dym_-6wWwReMYODlUNuqG3dXQLlP_DWZ/view?usp=sharing), ՀՀ միգրացիոն ծառայությունում էլ ներդրվել են միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ ոլորտային ցուցիչները։  

Ոլորտային օրենսդրության բարելավմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում, ոլորտային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով փոփոխություններ են կատարվել նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին