Կարևոր իրադարձություններ

Նրանք էին այս ամիս փորձում գրավել ընդդիմության առաջնորդի թափուր աթոռը. TOP 10

20 Փետրվար, 2016 14:52
Նրանք էին այս ամիս փորձում գրավել ընդդիմության առաջնորդի թափուր աթոռը. TOP 10

Իշխանության դաշնակցականացման ֆոնին այս ամիս շարունակվել է ընդդիմադիրների մրցավազքը: Ընդդիմության

առաջնորդի թափուր տեղի համար մղվող կատաղի էստաֆետում հիմնական մրցակիցները շարվել են հետևյալ

հերթականությամբ.

10. Գևորգ Սաֆարյան

Ակնհայտորեն նա չի կարող և չի էլ հավակնում լինել ընդդիմության առաջնորդ, բայց այդ աթոռն իր ղեկավար Սեֆիլյանին հանձնելու համար դարձել է ամենահիշվող ընդդիմադիր բանտարկյալն ու հալածյալ ընդդիմության խորհրդանիշը: Նրան գրավով չազատելու որոշումը ձվերով նախշեց դատարանի շենքը: Ժիրայր Սեֆիլյանը խոստացավ, որ իշխանությունը ստիպված է լինելու նրան ազատ արձակել, իսկ նրա կողմնակիցներն ուղևորվեցին դեպի ԵՄ դեսպանություն՝ իրենց առաջնորդի խոստումն իրականացնելու նպատակով: 

 

9. Լևոն Բարսեղյան

Նա դեռ շատ հեռու է ընդդիմության իրական առաջնորդ լինելուց, բայց արդեն կարողացել է դառնալ ընդդիմադիր վիրտուալ տիրույթի լիդերը: Նրա սոցցանցային սուր գրառումներն այսօր ունեն չեմպիոնական լայքեր: Նա այս տասնյակում է հայտնվել նաև Գյումրու ընդդիմադիր ակտիվը առաջնորդելու շնորհիվ: Դժվար, թե նա դառնա ընդդիմության միասնական առաջնորդ, բայց Գյումրու քաղաքապետի ընտրություններում կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն և գրանցել ընդդիմության առաջին ու միակ իրական հաղթանակը վերջին քսան տարիների ընթացքում: 

8. Էդմոն Մարուքյան

Այս ամիս հուզիչ էր ու շատ դրական նրա ջենտլմենական քայլը, երբ վանաձորյան Դոն Քիշոտը Զարուհի Փոստանջյանին առաջարկեց որպես «Օմբուդսմենի հաստատ չանցնող թեկնածու», այնուհետև լողացավ ռադիկալ ընդդիմության և հանրային ուշադրության շողերում: Յուր լուսավոր առաջնորդի անվերջ հարցազրույցների ֆոնին և ԵՄ դեսպանի հաճոյախոսությունների շնորհիվ որոշակիորեն վեր խոյացավ լուսավորների դեռևս անհայտ թիմը, որի առանձին անդամներ ցավոք փչացրին ընդհանուր դրական մթնոլորտը՝ իրենց անհամ ու տափակ գրառումներով: 

7. Նիկոլ Փաշինյան

Նա այս ամիս հանրությանը դարձյալ ցնցեց իր սուր ելույթներով, նախաձեռնեց 6000 վստահված անձի իր յուրօրինակ ակցիան, կազմակերպեց մշակութային նորույթ հանդիսացող կուսակցական դրամահավաք, բայց միևնույնն է, չկարողացավ դուրս գալ ընդդիմության առաջնագիծ: Նրան ակնհայտորեն խանգարում են իր ջերմագույն հարաբերությունները Խաչատուր Սուքիասյանի հետ, որի առևտրի կենտրոնի բացմանը սպասվում է երկրի բարձրագույն իշխանությունների ջերմագույն ներկայությունը: Լինելով Վանոյի ժամանակներից իշխանական գահին շատ մոտ կանգնած օլիգարխի հարազատ ընկերը՝ այս ամենասրախոս ու ամենասիրված ընդդիմադիրը դեռևս չի կարողանում գրավել ընդդիմության գահը:

  

6. Վարդան Օսկանյան

«Մեր բակը» ֆիլմի հայտնի հերոսին խնդրում էին. «Դե ասա՛, Մկո՛»: Ամենաինտելեկտուալ և փորձառու քաղաքական գործչին նույն տոնայնությամբ խնդրում են. «Դե բացի՛ր կուսակցությունդ, Վարդա՛ն»: Իր «Սիվիլնեթ»-ի սուր նյութերով և իր ընդհատակյա աշխատանքով նա արդեն իսկ բավական լարում է առաջացրել իշխանության համար: Ընդդիմադիր դաշտի համընդհանուր գորշության, կասկածամտության ու թուլության ֆոնին նա շարունակում է մնալ ընդդիմադիր առաջնորդի ամենահավանական ու խոստումնալից հավակնորդներից մեկը՝ նույնիսկ առանց կուսակցության: Չնայած դրան՝ առանց համապատասխան զարգացումների այսպես երկար շարունակվել չի կարող:

5. Ժիրայր Սեֆիլյան

Նա շարունակում է իր ինքնատանջ ու խստաշունչ պայքարն իշխանությունների դեմ: Շուրջ երեք ամիս իր զինակիցների հետ Ազատության հրապարակում անցկացնելով ամենացուրտ օրերն ու գիշերները՝ նա դեռ չի գրանցել իր խոստացված ու ակնկալած արդյունքները, բայց այդ ինքնանվիրումը արժանացել է շատերի հարգանքին: Նրա պրագմատիկ քայլերի պակասը դարձել է ընդդիմադիրների տասնյակում հետընթացի պատճառ, բայց ոչ երբեք նրա դիրքերի ու խոսքի մեղմացում:

4. Զարուհի Փոստանջյան

Նա հաճույքով մտավ ու պարտվեց օմբուդսմենի ընտրական գործընթացում, քանի որ փոխնախարար Թաթոյանին դիֆերամբներ ձոնեց նույնիսկ Փոստանջյանի հարազատ ընկերուհին՝ Լարիսա Ալավերդյանը: Իր մասնակցությունը նա համեմատեց լակմուսի հետ, որը ցույց տվեց, թե ովքեր են Գագիկ Ջհանգիրյանն ու Արծվիկ Մինասյանը, ում շնորհիվ տապալվեց Փոստանջյանի թեկնածությունը: ԱԱԾ-ի պետի նշանակումը դատարանում վիճարկելն այս ամսվա նրա մյուս աննպատակ և անարդյունք քայլն էր: Նրա խիզախությունն անհերքելի է, սակայն նրա քայլերի արդյունավետությունն ու օգտակարությունը շատ վիճելի են: Ընդդիմադիրների մրցապայքարում այդ աննպատակ խիզախությունն այսօր նրան դարձրել է ընդամենը չորրորդը

 

3. Րաֆֆի Հովհաննիսյան

Հովհարային ակտիվությամբ քաղաքական դաշտում առկայծող գործիչը կայուն կերպով պահպանում է ամուր դիրքերը սեփական կուսակցությունում և «Նոր Հայաստան» դաշինքում: Իր համախոհների հետ կրելով զրկանքների մի որոշակի բաժին՝ նա պահպանում է նաև իր անկաշառ ու սկզբունքային մարտիկի կերպարը: Իշխանության հասցեին հնչեցրած վերջին ծայրահեղ կոշտ քննադատությունները նրան ավելի են մոտեցնում ամենառադիկալ ընդդիմադիրների շարքին, իսկ առավել արդյունավետ գործիչների սակավության շնորհիվ ապահովում առաջատար դիրքեր մեր այս տասնյակում:

2. Լևոն Տեր-Պետրոսյան

Նա ԱՄՆ-ից Հայաստան վերադարձավ բուժված, թարմացած ու ևս 20 տարի ապրելու, արարելու ու գործելու բժշկի թղթով: Նրա թեկուզ կարճատև բացակայությունը, ինչպես նաև քաղաքական կյանքից հեռանալու նույնիսկ աննշան կասկածը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեց, թե նա ինչ հսկայական դերակատարում ունի ՀԱԿ-ի պահպանման ու գոյատևման, ինչպես նաև իշխանությունների կյանքը բարդացնելու ու նրանց նյարդերը քայքայելու գործում: Ի տարբերություն Րաֆֆիի, նա իր ճիշտ ընտրված երկրորդին դարձրել է առաջին և այդ իսկ պատճառով արդեն այսօր հաղթել է բոլոր մյուս տարեց կամ ժամանակավրեպ կուսակցապետերին: 

 

1. Լևոն Զուրաբյան

Այսօր նրա աստղն իսկապես ամենապայծառն է շողում թե՛ սեփական կուսակցությունում և թե՛ հայոց ընդդիմադիր երկնակամարում: Ավագ Լևոնն այնպես է պատրաստել իր երիտասարդ անվանակից-թիմակցին, որ վերջինս կարողանում է հանդես գալ որպես ակտիվ, պրագմատիկ, արդյունավետ առաջնորդ: Զուրաբյանի գրագետ աշխատանքը սահմանադրական հանրաքվեին, ինչպես նաև ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմադիր համագործակցության նրա վերջին առաջարկը ևս մեկ անգամ ապացուցում են, որ այսօր ՀԱԿ-ն իր երկու սերնդի Լևոններով ընդդիմության առաջատարն է և ամենաիսկական ու արդյունավետ ընդդիմադիրը՝ բոլոր ընդդիմադիրների շարքում:

 

P.S. Ընդդիմադիր տասնյակի շուրջ պտտվեցին, բայց այնտեղ արդարացիորեն տեղ չգտան Գագիկ Ջհանգիրյանը

(ձեռքը չգնաց կողմ քվեարկել Մատաղիսի գործով իրեն այդքան սևացրած Զարուհու օգտին), Նաիրա Զոհրաբյանը

(դեռ բացառապես հայհոյում է Ստրասբուրգում հանդիպող թուրքացած հայերին), Տիգրան Ուրիխանյանը (միայն

Ֆեյսբուքում լայքեր հավաքելով ու կիսասուր ելույթներով տասնյակ չես մտնի), Ռուբիկ Հակոբյանը (նա բազմել է

իշխանության պահեստայինների նստարանին՝ Թևան Պողոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Լյուդմիլա Սարգսյանի

ու շատ այլոց կողքին), Ստեփան Դեմիրճյանը (շատ ազնիվ ու արդար մարդ է, բայց շատ է պասիվացել):

 

Լրահոս

Դիտել ավելին