Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ի և ՄԻԵԴ-ի նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը

30 Հունվար, 2023 17:14
ՍԴ-ի և ՄԻԵԴ-ի նախագահները կարևորել են գործընկերության զարգացումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին:

Այս մասին ասվում է Սահմանադրական դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Արման Դիլանյանը շնորհավորել է եվրոպացի գործընկերոջը՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։

ՍԴ նախագահն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանման, եվրոպական մայրցամաքում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատման գործում։

ՄԻԵԴ նախագահը կարևորել է հայազգայի գործընկերոջ հետ նման ձևաչափերով աշխատանքային հանդիպումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև իրականացվող համագործակցությանը։ Սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։

Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը և առկա ծրագրերը։ Սիմոնա Գրանատա-Մենգինիին վերահաստատել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիարժեք հանձնառությունը՝ աջակցելու Բարձր դատարանում ընթացող բարեփոխումներին, ընդգծել է երկկողմ համագործակցության դրական ավանդույթներն ավելի բարելավվելու պատրաստակամությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին