Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը հանձնարարել է չընդունել և չվճարել թերություններով իրականացված որևէ աշխատանք

25 Հունվար, 2023 13:33
ՏԿԵ նախարարը հանձնարարել է չընդունել և չվճարել թերություններով իրականացված որևէ աշխատանք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ՏԿԵն Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արթուր Սողոմոնյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել տասը հարցը։

Նախարարին է զեկուցվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերը։ Նախարարի կողմից ներկայացվել է կառուցվածքային փոփոխության իրականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը։

Զեկուցվել է նաև 2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերլուծությունն ու 2023 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը։ 2023 թվականի համար արդեն իսկ ստացվել է 447 հայտ, 112 մլրդ նախնական ընդհանուր բյուջեով։ Ներկայացվել է նաև սուբվենցիաների մշտադիտարկման արդյունքները, արձանագրված թերությունները։

Նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ, չընդունել և չվճարել որևէ աշխատանք, որն իրականացվել է թերություններով։

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման միջոցառման ապահովման հետ կապված համակարգված աշխատանքի վերաբերյալ հարցեր։

Խորհրդակցության ժամանակ իրականացվել է ՏԿԵ նախարարության 2022 թվականի կատարողականի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերլուծություն։

2022 թվականին ՀՀ մարզերի համայնքների եկամուտների հավաքագրումը փաստացի աճել է նախորդ՝ 2021 թվականի համեմատ։ 2022 թվականին փաստացի հավաքագրման աճը կազմել է 8 մլրդ 036 մլն, առանց Երևան քաղաքի՝ 3 մլրդ 567 մլն, որը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավել է։

Քննարկվել է նաև համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսված անելիքները։ Գրեթե բոլոր համայնքներն արդեն իսկ հաստատել են 2023-2025 թվականների համար ՄԺԾԾ-ն։

ՀՀ մարզպետների հետ խորհրդակցութուններն այսուհետ կրելու են պարբերական բնույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին