«Փաստ» օրաթերթը գրում է.
««Աշխույժ երեխա էր Վարդգեսը, միևնույն ժամանակ համեստ ու հանգիստ: Ամենուր իրեն բոլորն էին սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ազնիվը՝ Վարդգեսի մայրիկը, իսկ հետո շարունակում.
«Ծառայելու ընթացքում որևէ բանից չի դժգոհել, սիրով է անցել զինծառայության ամեն օրը: Մինչ զորակոչվելն էի նկատում, որ մեծ ցանկություն ունի զինվորական հագուստ կրել, կարծես երազանք լիներ: Երբեմն ասում էի իրեն՝ Վարդգեսի՛կ, չեմ ուզում ծառայես, կողքիցս գնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ծառայությունը տղու համար է: Սիրում էր համազգեստը: Ծառայության ընթացքում էլ շրջապատի սերն ու հարգանքն էր վայելում նաև իր բարության շնորհիվ: Չէր սիրում որևէ մեկին ճնշել, հակառակը՝ միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության: Երբ նորակոչիկներ են եկել իրենց զորամաս ծառայության, ամեն ինչով օգնել է: Հիմա դրա մասին արդեն տղաներն են պատմում, ասում են՝ միշտ մեր կողքին է եղել, կարծես բոլորիս պահապան հրեշտակը լիներ»: Վարդգեսը սերժանտ էր, դիրքի ավագ:
«Իր զինվորների հետ էր, երբ պատերազմն սկսվեց: 44 օր իր հետ կապի մեջ ենք եղել: Միայն հոկտեմբերի 10-15-ը իր հետ կապն ընդհատվեց: Ամեն օր թեկուզ մեկ անգամ զանգում էր տուն: Երբ պատերազմն սկսվեց, ամուսինս էլ էր Արցախում: Շինարար է, այնտեղ էր աշխատում: Հենց նույն պահին ուղևորվել էր Հադրութ, որ Վարդգեսի մոտ լինի: Իրեն ասել էին՝ հետ գնա, Հայաստանի ձեր զինկոմիսարիատում գրանցվի, նոր արի: Եկավ, գրանցվեց, հոկտեմբերի 1-ին գնաց: Խնդրել էր, որ իրեն անպայման Հադրութ տանեն: Բայց Վարդգեսին արդեն տեղափոխել էին դեպի Ֆիզուլիի կողմը: Ինքը պապային չասաց իր տեղը, այդպես էլ չհանդիպեցին:
Ամուսինս 10 օր մնաց Հադրութում, բայց չեն հանդիպել, անգամ հեռախոսով չեն խոսել: Երկուսի կապն ինձ հետ էր: Զանգում էի Վարդգեսին, ասում, որ պապան է զանգել, ամուսնուս էլ զանգում էի, ասում՝ երեխու հետ խոսել եմ: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց ամուսնուս հետ ուղարկեցին Հայաստան, ասացին՝ մի տասն օրից կկանչեն, բայց չկանչեցին: Երբ Վարդգեսն իմացավ, որ պապան տուն է գալիս, զանգեց՝ մա՛մ, պապային էլ չես թողնում, որ գա Ղարաբաղ, պահում ես ձեր մոտ»,-վերհիշում է մայրիկը:
Հետո արցունքների միջից մտքերն ի մի բերելով՝ շարունակում է. «Ինքն անգամ պատերազմի ժամանակ չի դժգոհել, ամեն ինչի մասին մեզ կատակով էր պատմում: Ասում էինք՝ Վարդգե՛ս, զգույշ կլինես, պատասխանում էր՝ մեր մոտ ավելի լավ է, քան ձեր մոտ: Երբեք չի ասել, որ հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել»: Մեր հրապարակումներից մեկում պատմել էինք ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանի մասին: Տիկին Ազնիվն ասում է՝ իր Վարդգեսի սպան էր:
«Տիգրանը զոհվել է իմ Վարդգեսին օգնելու ժամանակ: Պատերազմի ողջ ընթացքում, երբ գիշերով հացի են գնացել, Նագուլ յանը և Վարդգեսս միասին են եղել: Պատերազմի ժամանակ հեռախոսը կորցրել էր, տղաների համարները հիշում էի, երբ ինքը չէր զանգում, ես էի զանգում: Տղաներն ասում էին՝ Վարդգեսը հանգստանում է, որ խնդրեք էլ, ձեն չենք տա: Ասում էի՝ միայն երդվեք, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ, վաղն իր հետ կխոսեմ: Վարդգեսի հետ խոսելիս երբեմն զարմանում էի՝ ամեն անգամ դու ես գնում հացի, պատասխանում էր՝ մամ, բոլոր ճամփեքը գիտեմ»: Վարդգեսը զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 7-ին:
Նոյեմբերի 4-ի գիշերը տղաները հրաման են ստանում՝ Հադրութի 5-րդ գումարտակը պետք է Շուշիի մարտերին մասնակցի: «Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երեխեքին տանում են Շուշի: Չգիտեի, որ Շուշիում է, միայն պապային էր ասել: Իրեն միշտ ասում էինք՝ ուր որ քեզ տանեն, մեզ կասես: Պատերազմի ժամանակ երբեք լավ բան չես մտածում: Նոյեմբերի 5-ին ու 6-ին էլ է զանգել, արդեն Շուշիից: Նոյեմբերի 7-ին առավոտյան 11-ի կողմերը զանգեց, անգամ զարմացա՝ ինչ շուտ ես զանգել, ասաց՝ մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել: Այդ ժամանակ Շուշիում շրջափակման մեջ են եղել: Բոլորի հետ խոսեց: Կրակոցների ձայնից հասկացա, որ էլ դպրոցում չեն, բայց էլի ինձ չասեց, որ Շուշիում է՝ ուղղակի տղերքը կրակում են, մի անհանգստացի:
Նոյեմբերի 8-ին Վարդգեսը չզանգեց: Կապվեցինք կամավորներից մեկի հետ, փոխանցեց՝ վիրավոր է: Իրենք ամսի 8-ին Շուշիից դուրս էին եկել: Վարդգեսի զինվորներից մեկը դիրքից ձեռքը բարձրացնում է հասկանալու համար՝ սնայպեր աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ խփում են զինվորի ձեռքին: Վարդգեսս վազում է օգնության, խփում են իր ոտքին: Իրեն վիրակապում են, իր հետ Տիգրանը և մեկ ուրիշ զինվոր են լինում: Զինվորների պատմելով, շարունակում են կռվել, երկրորդ անգամ է վիրավորվում, Տիգրանն ու այդ զինվորն իրեն հասցնում են Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկ, հենց այդտեղ էլ «մնում են»:
Երեխեքին այդտեղից են «տարել»: Թուրքերը 52 մարմին էին տարել, նոյեմբերի 26-ին 31 հոգու վերադարձրել էին: Ինքը ճանաչելի է եղել, ԴՆԹ-ի անհրաժեշտություն անգամ չի եղել: Հեռախոսներով փոխվել էր ուրիշ զինվորի հետ, Վարդգեսի մոտ եղած հեռախոսով Սևանից զանգել էին հեռախոսի տիրոջ տուն, հարցրել՝ կորած զինվոր ունե՞ք: Պատասխանել էին՝ ոչ: Հետո իրենց զինվորին պատմել էին այդ զանգի մասին, միանգամից ասել էր՝ Վարդգեսն է, իմ հեռախոսն իր մոտ է մնացել: Ինքը մեզ զանգեց՝ Վարդգեսը Սևանում է: Իր բոլոր իրերը մոտն էին, խաչը՝ վզին: Երբ փնտրում էինք Վարդգեսին, վստահ էի, որ գերի չի ընկել: Այդ ժամանակ մեզ տեսանյութեր էին ուղարկում, Նագուլ յանին մենք ու նաև իր հայրիկը ճանաչեցինք, Վարդգեսս դեմքի վրա էր պառկած, չճանաչեցինք, բայց տեսանք, որ ոտքից վիրավոր էր»: