Կարևոր իրադարձություններ

Կարևոր է, որ բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին. ԱՀ պետնախարար

03 Հունվար, 2023 19:37
Կարևոր է, որ բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի նիստ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել՝ խնդիրները:

 

Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:

«Կարևոր է, որ բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին