Կարևոր իրադարձություններ

Կոմունիկացիաների կառուցման թեմայով պատրաստվում ենք նոր առաջարկ ներկայացնել. վարչապետ

10 Նոյեմբեր, 2022 12:45
Կոմունիկացիաների կառուցման թեմայով պատրաստվում ենք նոր առաջարկ ներկայացնել. վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հենց Ադրբեջանի նախագահն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել:

«Ադրբեջանի նախագահն ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Թվում է, թե շատ պարզ իրավիճակ էր, ընդամենը պետք էր այն, ինչ հրապարակային հայտարարվել էր, դնել թղթի վրա և ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այդ գործողությունից:

Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել ու նաև Կառավարության նստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել:

Արդեն ասացի՝ Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց նաև, որ Ադրբեջանի նախագահն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին:

«Ընդ որում՝ մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Ընդ որում՝ մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին