Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հանցագործ դիմագիծն ու միջազգային հանրության երկակի ստանդարտները. «Փաստ»

06 Հոկտեմբեր, 2022 08:15
Ադրբեջանի հանցագործ դիմագիծն ու միջազգային հանրության երկակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանական սոցիալական հարթակներով օրերս տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները կանխամտածված գնդակահարում են հայ ռազմագերիներին, մեծ ռեզոնանս առաջացրեց։ Նախ՝ հայկական կողմը պարզեց, որ տեսանյութը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում, և հայտարարեց, թե պատրաստվում է այդ դեպքի առնչությամբ հետամուտ լինել միջազգային դատարաններին դիմումներ հղելու և հետաքննություն սկսելու հարցում։ Սակայն անզեն ռազմագերիների սպանության տեսանյութը եզակի դեպք չէ, նմանատիպ արարքների մենք ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ։

Ադրբեջան կոչվող պետության բնույթը ամփոփվում է քնած մարդուն կացնով սպանածին հերոսացնելով։ Ուստի, պետք չէ զարմանալ, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ այդ երկրի պատերազմական հանցագործությունները շարունակական բնույթ են կրում։ Ընդ որում, այդ հանցագործություններն արտահայտվում են վայրենի, գազանային, բարբարոսական հատուկ գործելակերպով։ Այդ արարքների բնույթի հարցում զուգահեռներ կարելի է տանել նույնիսկ Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս տեսանկյունից տեղին կլինի նշել, որ Ադրբեջանը երիթուրքերի ցեղասպան գործելակերպի շարունակողն է։ Այսինքն՝ 100 տարի հետո էլ, ինչպես ասում են, թուրքը մնացել է նույն թուրքը։

Միաժամանակ, Ադրբեջանն իր հանցագործությունները կոծկելու համար ամեն անգամ զեղծարարությունների է դիմում։ Երբ գերիների սպանության տեսանյութը բուռն արձագանքի է արժանանում, հանկարծ Արցախից բռնազավթված տարածքներում հայտնաբերվում են իբր «սպանված ադրբեջանցիների» հերթական զանգվածային գերեզմանները։ Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը հիմնվում է փաստերի խեղաթյուրման և կեղծարարությունների վրա։ Օրինակ՝ ամիսներ առաջ էլ Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից դուրս բերված ոսկորները Ադրբեջանը ներկայացնում էր որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «խոշտանգված» ադրբեջանցիների ոսկորներ։

Բայց մշակութաբանների ու հնագետների նույնիսկ հպանցիկ հայացքն իսկ բավարար էր արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն։ Ադրբեջանական զեղծարարությունները հատկապես լայն թափով դրսևորվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պարագայում։ Իսկ հայատյացությունը Բաքուն պետական մակարդակով դարձրել է պաշտոնական քաղաքականության անբաժանելի մաս։ Դրա համար էլ Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին մանեկենների միջոցով ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ, որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Բացի այդ, ցուցադրության են դրվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, որոնց մոտ հրճվանքով լուսանկարվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հայտարարությունները հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու դասական օրինակներ են։ Իր խոսույթի միջոցով Ալիևը ցույց է տալիս, որ խրախուսում է հայերի նկատմամբ հանցագործությունները, այդ թվում՝ գերիների խոշտանգումը և սպանությունը։ Բայց ուշագրավ է, որ Ալիևի քաղաքականությունը լուրջ միջազգային հակազդեցության չի հանդիպում։ Ճիշտ է՝ տարբեր երկրների դեսպանատներ կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ դատապարտեցին գերիների սպանությունը և այն հետաքննելու կոչերով հանդես եկան, բայց, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության արձագանքը, ինչպես միշտ, սահմանափակվեց կոչերով, և Ադրբեջանի գործողություններին չի տրվում համարժեք պատասխան։ Միջազգային համայնքի ներկայացուցիչներն ամեն անգամ փորձում են հավասարության նշան դնել ագրեսորի և զոհի միջև, դրա համար էլ Ադրբեջանի առաջ կանաչ լույս է վառվում նոր հանցագործություններ իրականացնելու համար»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին