Կարևոր իրադարձություններ

Տավուշցի երեխաները զարդարեցին «Սթարմուս»-ի փառատոնը իրենց գերտպավորիչ ելույթով. օր 3

08 Սեպտեմբեր, 2022 10:59
Տավուշցի երեխաները զարդարեցին «Սթարմուս»-ի փառատոնը իրենց գերտպավորիչ ելույթով. օր 3

«Սթարմուս» միջազգային փառատոնը շարունակում է տպավորել իր բազմազան միջոցառումների շարքով՝ ասուլիսներ, հանդիպում-դասախոսություններ ու աներևակայելի համերգային ծրագրեր։

«Սթարմուսի» միջացառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին։ Ականավոր գիտնականը ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին, հանդիպման մասնակից գիտնականներին ու երիտասարդ հետազոտողներին է ներկայացրել գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձն ու իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի էությունը։ Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու Նոբելյան մրցանակակրին։

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն ԵՊՀ-ում հանդես է եկել մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։  

«Սթարմուսի» հանդիպում-դասախոսությունների շրջանակում Ամերիկյան համալսարանում դասախությամբ է հանդես եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլինը։ ՀՊՏՀ-ում էլ հյուրընկալվել է աշխարհահռչակ գյուտարար, iPod-ի և iPhone-ի համաստեղծող Թոնի Ֆադելը։ Դասախություններ են կարդացվել նաև Ազգային պոլիտեխնիկական, Հայ-ռուսական սլավոնական, Ագրարային համալսարաններում, Ֆիզ-Մաթ դպրոցում, Քվանթ վարժարանում, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում և ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս», որի շրջանակում դասախոսություններով են հանդես եկել մի շարք անվանի գիտնականներ՝ Լուիս Ֆրիդմանը, Բեթանի Էլմանը, Սքոթ Հաբըրդը, Միշել Մայորը, Լիզա Կալտենեգերը, Դեյվիդ Գրինսփունը։

Դե իսկ երեկոյան էլ լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը և մի խումբ անվանի երաժիշտներ հիացրել են հանդիսատեսին «Another World» («Ուրիշ աշխարհը») համերգային ծրագրով։ Համերգի ամենահուզիչ դրվագներից էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի մատուցմամբ Queen խմբի հանրահայտ երգերի կատարումները։ Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ է հանդես եկել նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ: Համերգի հատուկ հյուրեն են եղել Գրեհեմ Գոուլդմանը և Սերժ Թանկյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին