Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    408
    430

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Իրականացնելու ենք հողային ռեֆորմ. Վահան Քերոբյան

04 Օգոստոս, 2022 12:58
Իրականացնելու ենք հողային ռեֆորմ. Վահան Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ 1990-ականներին հողային ռեֆորմ է տեղի ունեցել, և գյուղացիական տնտեսություններին բաժանվել են հողակտրոներ:

«Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություններ ունեն մոտ միլիոն 100 հազար հողակտոր, և միջին գյուղացիական տնտեսությունն ունի մեկուկես հեկտար ընդհանուր հողային տարածք, որը միջինում բաղկացած է 4 կտորից, և, բնականաբար, տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում, և մարդիկ չեն մշակում իրենց ունեցած հողակտորները»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում:

«Մենք, բնականաբար, Կառավարության ծրագիրն անցած տարի գրելիս գյուղատնտեսության զարգացումը տեսել ենք հենց հողերի մշակումը մեծացնելու և արտադրողականությունը բարձրացնելու մեջ: Մենք ծրագրում նշել ենք, որ իրականացնելու ենք հողային ռեֆորմ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հողերի կոնսոլիդացիայի աջակցության ծրագրի ներքո մասնավոր անձանց և ընկերություններին կոչ է արվում միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ:

«Մեր ծրագրի էությունն այն է, որ այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք մեզ հետ պրոցեսը սկսելուց հետո կհավաքեն մի հողային միավորի մեջ, կստեղծեն մի մեծ հողային միավոր, Կառավարությունը կաջակցի այդ հողային միավորը բարելավելու հարցում: Մենք այդ ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցենք:

Մեր հաշվարկներով՝ միջին հեկտարի կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 մլն 760 հազար դրամ, այսինքն՝ մեկ հեկտարի հաշվարկով պատրաստ ենք սուբսիդավորել կատարված ծախսերի 50 տոկոսը:

Այս ծրագրով նախատեսված է, որ 23, 24, 25 թվականներին մենք ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացրած հողակտոր կունենանք: Մեր Կառավարության ծրագրի թիրախ է 2026 թվականին վարելահողերի մշակման մակարդակը այսօրվա 50 տոկոսից բարձրացնել մինչև 75 տոկոս, և կարծում ենք, որ այս ծրագիրը կօգնի այդ պրոցեսն արագացնելուն»,- ասաց Քերոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին