Կարևոր իրադարձություններ

Ակնկալում ենք՝ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ խաղաղապահների կողմից. վարչապետ

04 Օգոստոս, 2022 12:05
Ակնկալում ենք՝ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ խաղաղապահների կողմից. վարչապետ

Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:

«Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն:

Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ, մեր կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին