Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

19 Հուլիս, 2022 16:02
Քննարկվել են Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հուլիս 18-ին աշխատանքային այցով ՀՀ Շիրակի մարզում էր:

Այցը մեկնարկել է Ախուրյան գյուղից. այստեղ Արա Խզմալյանը հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ և նկարիչ Հրաչյա Վարդանյանների արվեստանոցում: Նախարարի տեղակալը ծանոթացել է արվեստագետների աշխատանքներին, առաջիկա ծրագրերին: Զրույցի ընթացքում նախարարի տեղակալն ու արվեստագետները քննարկել են ազատ արվեստագետների գործունեության, դերակատարության, հնարավոր համագործակցության և դրան առնչվող մի շարք հարցեր:

Այնուհետև Գյումրիում նախարարի տեղակալին հյուրընկալել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Ողջունելով հյուրին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ մշակութային մայրաքաղաք Գյումրիում անելիքները շատ են, և առանձնակի գոհունակություն է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն աջակցելու, բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու համար. «Այսօրինակ հանդիպումները հաստատում են, որ ապակենտրոնացումը դնում ենք գործնական հենքի վրա՝ շատ ծրագրեր Երևանից ուղղորդելով դեպի մարզեր։ Գյումրիում մշակութային կյանքի ակտիվացումը շատ կարևոր է, հատկապես՝ զբոսաշրջության զարգացման առումով»։

Արա Խզմալյանն էլ շնորհակալություն է հայտնել մարզպետին մշակութային կարևոր նախաձեռնությունների և մշակույթի նկատմամբ առանձնակի վերաբերմունքի համար՝ արձանագրելով, որ մարզպետարանի վարչական շենքում ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ցուցադրության առկայությունն այդ վերաբերմունքի վկայությունն է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ Շիրակի մարզի ամենամեծ կապիտալը մշակույթն է, և նախարարությունը պատրաստակամ է համապատասխան աշխատանքներ իրականացնել մշակութային համագործակցությունն առավելապես խորացնելու ուղղությամբ:

Հանդիպումից հետո քննարկում է տեղի ունեցել մարզում գործող մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային մրցութային համակարգի նպատակներին և ակնկալվող արդյունքներին, միջմարզային-միջհամայնքային համագործակցությանը, առավել շատ կրթամշակութային ծրագրեր մարզում իրականացնելուն, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն առնչվող հարցերին։

Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է նաև ՀՀ Շիրակի մարզի ինքնազբաղ արվեստագետների հետ, քննարկել ժամանակակից արվեստի, ստեղծարար արդյունաբերության ոլորտում նրանց դերակատարությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող խնդիրները: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ռեսուրսը լիարժեք գործադրելու, դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:

Հաջորդիվ Արա Խզմալյանն այցելել է «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբ» ՊՈԱԿ, ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին և քննարկել նվագախմբի առաջիկա անելիքներին և ծրագրերին առնչվող հարցեր:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Շիրակի մարզային գրադարան, ծանոթացել առկա պայմաններին, գրքային ֆոնդին, իրականացվող կրթական, սոցիալական, մանկապատանեկան և տարաբնույթ այլ ծրագրերի:

Այցի ավարտին Արա Խզմալյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա են գտնվել Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված երաժշտաթատերական ներկայացմանը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ:

Տեղեկացնենք, որ ներկայացումը կցուցադրվի նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):

 

Լրահոս

Դիտել ավելին