Կարևոր իրադարձություններ

Ժ. Անդրեասյանն ու ՌԴ լուսավորության փոխնախարարը քննարկեցին հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը

14 Հուլիս, 2022 20:24
Ժ. Անդրեասյանն ու ՌԴ լուսավորության փոխնախարարը քննարկեցին հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները` շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ում ընդունված հանրակրթության նոր չափորոշչով շեշտադրվում է լեզուների, այդ թվում՝ ռուսերենի ուսուցման բարելավման կարևորությունը: Այդ նպատակով հիմնովին վերափոխվում է ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգը, նախատեսվում է մշակել նոր դասագրքեր և ուսումնական նյութեր: Այս հարցում հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերը, օրինակ՝ կամավոր ատեստավորման համակարգը, ուսուցիչների վարձատրության ընդհանուր բարելավումը կմեղմացնեն այդ խնդիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը. խումբը կզբաղվի կրթության ոլորտում համագործակցության հարցերի զարգացման առաջարկությունների հստակեցմամբ:

Նշենք, որ ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը:

 

Լրահոս

Դիտել ավելին