Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Թափառող շների քնեցումն արվում է վտանգավոր ու անբուժելի հիվանդությունների դեպքում

07 Հուլիս, 2022 21:20
Թափառող շների քնեցումն արվում է վտանգավոր ու անբուժելի հիվանդությունների դեպքում

Ռիժիկը թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր բնակիչն է: Արևային լոգանք ընդունելը՝ սիրելի զբաղմունքը: Վերջին 6 ամսվա ընացքում կենտրոն է տեղափոխվել մոտ 2000 շուն, որից միայն 1200-ը՝ մարտ-մայիս ամիսներին:

Այստեղ բերելիս առաջին հերթին շներին պարտադիր հետազոտում են: Առողջ կենդանիները ստերջացվում են, պատվաստվում: Կենտրոնում ապրիլից մեկնարկել է նաև 2019 և 2020թթ. ստերջացված և պատվաստված կենդանիների վերապատվաստումը:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ այն շներին, որոնց մոտ հաստատվում է վտանգավոր հիվանդություն, օրինակ՝ լեյշմանիոզ կամ ժանտախտ, անասնաբույժները ստիպված են լինում քնեցնել:

«Վերջին շրջանում տարատեսակ խոսակցություններ կան, որ ՀՈԱԿ-ը զբաղվում է անհիմն քնեցմամբ: Անհեթեթությունն այն էր, որ հուլիսի 1-ից մասսայական քնեցում է լինելու: Այդ տեղեկությունները մտացածին են և կեղծ: էֆթանազիայի են ենթարկվում բացառապես այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր վարակիչ հիվանդություններ: Մենք ունենք Կառավարության որոշում, որով հստակ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում կենդանիները պարտադիր ենթարկվում են էֆթանազիայի: Դրանք կենդանիների լեյշմանիոզ և ժանտախտ հիվանդություններն են: Լեշմանիոզն ամենատարածվածն է Երևանում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ օրինակ մայիսին մեզ մոտ բերված մոտ 500 կենդանիներից 10%-ն ունի լեյշմանիոզ հիվանդությունը: Այդ կենդանիների հիմնական մասը Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից էին»,-ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը:

«Հիվանդության հաստատումն արվում է թեստավորմամբ, որն իրականացվում է արյան լաբորատոր հետազոտությունների միջոցով: Որոշ դեպքերում կատարվում է կրկնակի հետազոտություն, օրինակ, երբ արտաքնապես նշաններ չկան: Լեյշմանիոզ հիվանդությունը շներից փոխանցվում է նաև մարդկանց՝ մլակների խայթոցից»,-ընդծում է ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Սոնա Հովհաննիսյանը:

Քնեցվում են նաև ծանր, անբուժելի այլ հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ ունեցող կամ ավտովթարների հետևանքով մահամերձ շները, որոնց կյանքը փրկել հնարավոր չէ: Քնեցումն արվում է հատուկ դեղորայքով:

Առողջ, ստերջացված ու պատվաստված կենդանիների մեծ մասը բաց է թողնվում նույն տարածքներում: Մոտ 80 շան խնամքն այսօր իրականացվում է կենտրոնի կացարանում: Այստեղ այն շներն են, որոնց տերերը պարզապես հրաժարվել են, հանձնել կենտրոնին:

«Այստեղ շներն օրը երկու անգամ կերակրվում են հատուկ կերով, ստանում ջուր, նաև զբոսանքի դուրս գալիս»,-նշում են կենտրոնի աշխատակիցները:

Կենտրոնում պահվող շները հետագայում կհանձնվեն որդեգրման: Գործընթացն աժմ դադարեցված է. մշակվում է նոր կանոնակարգ, որպեսզի որդեգրված շները որոշ ժամանակ անց կրկին չհայտնվեն փողոցում: Դրա համար նախ պետք է ստուգել խնամելու պայմանները, պարտադիր հաշվառել կենդանուն վարչական շրջաններում:

«Կազմակերպության կարևորագույն նպատակը՝ կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով, հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելն է: Առաջիկայում քննարկելու ենք ևս մեկ կացարան ունենալու հնարավորությունը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը:

Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն: Մի բնակիչ հրաժարվում է իր կենդանուց, մյուսները՝ դժգոհում թափառող շներից, ոմանք՝ բարձրաձայնում կենդանիների պաշտպանության խնդիրը: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծման համար նախատեսում է ոլորտային մի շարք բարեփոխումներ, սակայն քաղաքային իշխանության ուժերը բավարար չեն, պետք է բնակիչների ակտիվ ու գործուն աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին