Կարևոր իրադարձություններ

Ապահովագրականը չի վճարել բժշկական ծախսերը. ԿԶՆԱԿ-ի աշխատակցին թույլ չեն տվել վերադառնա ՀՀ

25 Հունիս, 2022 10:00
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Ապահովագրականը չի վճարել բժշկական ծախսերը. ԿԶՆԱԿ-ի աշխատակցին թույլ չեն տվել վերադառնա ՀՀ

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) 15 հոգանոց պատվիրակությունը մայիսի 27-ից հունիսի 4-ը գործուղման էր մեկնել Իսրայելի Հայֆա քաղաքի մանկավարժական քոլեջ: Այցելությունը կազմակերպված էր ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցների մասնագիտական զարգացման նպատակով:

Խմբի բոլոր անդամները գործուղումից առաջ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել էին ճանապարհորդական ապահովագրություն: Պայմանագիրը կնքելու պահին բոլորն առողջ են եղել, ոչ ոք խնդրի մասին չի նշել: Հայֆա մեկնած պատվիրակության կազմում էր նաև ԿԶՆԱԿ-ի աշխատակից Արմեն Հովսեփյանը, որի առողջական վիճակը կտրուկ վատացել էր այցելության նախավերջին օրը` գիշերը:

«Առատ արյունահոսություն է սկսվել: Կանչել ենք շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել Հայֆայի «Ռամբամ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել վիրահատության, և Արմենին վիրահատել են»,-Shabat.am-ի հետ զրույցում պատմեց ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որը պատվիրակության կազմում էր և Արմեն Հովսեփյանին առաջին բուժօգնություն ցուցաբերողներից:

Պատվիրակությունն առանց Արմեն Հովսեփյանի վերադառնում է Հայաստան, քանի որ հիվանդանոցային ծախսերը վճարելու ժամանակ պարզվել է, որ ապահովագրական կազմակերպության հետ կապված խնդիրներ կան: Հայկական ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել Իսրայելում ստացած բժշկական ծառայության ապահովագրության վճարը: Իսկ Արմեն Հովսեփյանին Հայաստան վերադառնալ կթույլատրեն միայն պահանջվող գումարը վճարելուց հետո:

Այնուհետև Արմեն Հովսեփյանն ու կինը կապ են հաստատել ապահովագրական ընկերության հետ` պարզելու պատճառը: Ըստ իրենց, կազմակերպությունը հրաժարվել է վճարել` պատճառաբանելով, որ այդ դեպքը պայմանագրով նախատեսված չէ:

«Նախքան այս հարցերին լուծում տալը, նախ անհրաժեշտ է, որ Հովսեփյանը հնարավորություն ստանա վերադառնալ»,- մեզ հետ զրույցում նշում է ԿԶՆԱԿ-ի տնօրենը:

ԿԳՄՍ-ն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի հնարավոր աջակցություն ապահովի Հովսեփյանի կեցության համար, ինչպես նաև խորհրդակցություններ են անցկացվել` հնարավորության դեպքում մինչև գումարը վճարելը վերջինիս Հայաստան տեղափոխել: Սակայն այդպես էլ ոչինչ չի հաջողվել: 

Արմեն Հովսեփյանը հիվանդանոցից դուրս գրվելուց մինչ այս պահը գտվում է տեղի հայ համայնքի ու եկեղեցու աջակցության ներքո, քանի որ նրան թույլ չեն տվել վերադառնալ հայրենիք:

«Դիմել ենք ԿԳՄՍ-ին, հիմնադրամներին, ընտանիքը բացել է հաշիվ, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել: Հուսով ենք կկարողանանք համատեղ ուժերով այս խնդիրը կարգավորել և Արմենը առաջիկայում կվերադառնա աշխատանքի» - նշում է Արմեն Հովսեփյանի ղեկավարը:

«Կերակրափողում վարիկոզ էր, նախկինում ունեցել է այդ խնդիրը, բուժումներ էինք արել, վարիկոզներ չկային: Գործուղման ժամանակ սպի է բացվել, միջամտություն են արել: Այս պահին Արմենը լավ է, գտնվում է եկեղեցու հյուրատանը` հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Հետվիրահատական շրջանում խնամք է պետք, սննդակարգի պահպանում»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Հովսեփյանի կինը` Շուշանիկ Նիկողոսյանը` հավելելով, որ այստեղի ապահովագրականը համառորեն ոչինչ չի ուզում անել:

Ըստ տիկին Շուշանիկի` ապահովագրական ընկերությունն ասել է, որ Արմեն Հովսեփյանը քրոնիկ խնդիր է ունեցել, իրենք քրոնիկ խնդիրների դեպքում ոչինչ չեն վճարում, հետո էլ իրենց չենք փոխհատուցի: Ապահովագրական ընկերության երկու բժիշկների հետ է խոսել, որոնցից մեկն ասել է, թե իրեն Իսրայելում բուժվելու չենք ուղարկել, որին ի պատասխան տիկինն ասել է, որ մարդը չի գնացել բուժվելու, գործուղման է գնացել, շտապօգնության մեքենայով են իրեն հասցրել հիվանդանոց:

Տիկնոջ կարծիքով` սա հետագայում երևի դատական գործընթաց պետք է դառնա: Ասում են` ուզում եք դատի տվեք: Իմ վայբերին գրել են`հարգելի Շուշաննա դեպքը չի հատուցվելու մեր կողմից: Իսկ գրավոր նամակին պատասխանել էին, որ 10 օրվա ընթացքում կպատասխանենք և ուղեցույց էին ուղարկել, որ բողոքների դեպքում ինչ քայլեր կարող ես անել: Ապահովագրական ընկերությունից իրենց ծանոթներին ասել էին, որ ոչ մի թուղթ չեն ուղարկել, որ մենք էլ պատասխան ուղարկենք: Բայց ես այդ օրն առավոտյան հիվանդանոցից ուղարկած եբրաերենով ու անգլերենով թղթերն ուղարկել եմ էլեկտրոնային նամակով» -մեզ հետ զրույցում իր վրդովմունք է հայտնում տիկին Շուշանիկը:

«Նաիրի ինշուրանս»-ից էլ նշում են, որ ամուսնու վիճակի մասին պարզաբանումներ տալու համար տուժողի կինը զանգահարել է ապահովագրական ընկերության բժիշկ- փորձագետին: Վերջինս տարբեր տեսակի հարցեր է տվել, որոնց արդյունքում  էլ պարզվել է, որ հաճախորդի մոտ խրոնիկ խնդիր է:

«Մեր մասնագետն ասել է, որ եթե դա խրոնիկ հիվանդության հետևանք է, մենք չենք կարողանա փոխհատուցել, բայց որպեսզի ամեն ինչ ավելի հստակ ու պարզ լինի, խնդրել է տիկնոջն ուղարկել հիվանդի առողջության հետ կապ ունեցող բոլոր բժշկական փաստաթղթերը: Այս պահին որևէ կայացրած որոշում չկա, այսինքն ոչ մերժել ենք, ոչ չենք մերժել, որովհետև դեռևս փաստաթղթերը չենք ստացել: Մենք սպասում ենք փաստաթղթերին, ուսումնասիրենք և, ըստ այդմ, մեր որոշումը կայացնենք»,-մեզ հետ զրույցում մանրամասրեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը:

Հարցին` ինչու չեն փոխհատուցում հիվանդանոցի գումարը, եթե հիվանդն ունեցել է բժշկական ապահովագրոթյուն, Անուշ Մարտիրոսյաննն ասաց. «Ընդանրապես ապահովագրական պայմանագրերով խրոնիկական ծագում ունեցող հիվանդությունները ենթակա չեն հատուցման: Այս պայմանագիրն իր մոտ առկա է, հիմա ինքը (Արմեն Հովսեփյանին նկատի ունի-հեղ.) Իսրայելում ինչ- որ իրավիճակում է հայտնվել, դիմել է մեր այնտեղի գործընկերոջը, որն էլ դիտարկելով, որ հիվանդի առողջական պատճառը հետևանք է էտ խռոնիկ հիվանդության, մերժել է ու դրանից հետո գործն ուղարկել է մեզ, որպեսզի մենք որոշում կայացնենք` մերժել, թե չմերժել: Ապահովագրական ընկերությունները, որպես կանոն, հատուցման հետ կապված խնդիրները լուծում են էն դեպքում, երբ առկա են լինում բոլոր բժշկական փաստաթղթերը»:

Ըստ Արմեն Հովսեփյանի տիկնոջ` պայմանագիրն անհեթեթ պայմանագիր է, որին կից էլի թղթեր պետք է լինեն: Հիվանդանոցից ասել են, որ հասկանում են` իրենց մեղքով չէ, բայց մինչև չվճարեն, թույլ չենք տա երկրից դուրս գա: Ըստ տիկին Շուշանիկի` հիվանդանոցում ապշած են, ասում են նման դեպք չենք ունեցել, որ ապահովագրականը չվճարի, մի բան էլ հրաժարվի վճարելուց: Ես պատկերացնում եմ, թե այդ ապահովագրականի հետ ինչ գործընթացներ են սկսվելու, ինչ քաշքշուկի մեջ ենք ընկնելու: Չգիտեմ կկարողանանք ինչ-որ բան պոկել իրենցից, բայց հույս չունեմ»:

Ըստ ապահովագրականի ներկայացուցչի` իրենք ուղղակի տեղեկացրել են իրենց հաճախորդին, որ պայմանագրում հստակ կետերով նշված է. եթե պարզվի քրոնիկ հիվանդության հետևանքով է այդ վիճակը առաջացել, այդ դեպքերում փոխհատուցում չի ենթադրվում:

Հարցին` չէին կարող միջնորդել, որպեսզի հիվանդը վերադառնա հայրենիք, մինչև այդ  հարցերը լուծվեն, «Նաիրի ինշուրանս»-ի մարկետինգի բաժնի ղեկավարն ասաց, որ իրենք նմանատիպ իրավասությունների շրջանակում չեն գործում. «Մեր խնդիրը մեր հաճախորդների առողջության հետ կապված հարցերի լուծումն է այն դեպքում, երբ դա պայմանագրով նախատեսված է: Մենք իրավասու չենք նմանատիպ խնդրանքներով դիմել որևէ գործընկերոջ, որևէ կազմակերպության, լինի պետական կամ ոչ պետական: Եթե այս ընթացքում շուտ կարողանան ուղարկել փաստաթղթերը մենք տեսնենք  ու հասկանանք խնդիրը` փոխհատուցման ենթակա է, շատ արագ կկազմակերպեք, բայց մենք դեռ սպասում ենք փաստաթղթերին, դեռևս ոչ մի փաստաթուղթ չենք ստացել: Մենք ինչքան էլ ուզենանք, ոչ մի լծակ չունենք ազդելու ես պրոցեսի վրա, արագացնելու: Որևէ ապահովագրական ընկերություն չի կարող որևէ բան անել հնարավոր չի ուղակի»:

«Որևէ խախտում չկա, ապահովագրականի կողմից որևէ կանխակալ տրամադրվածություն և վերաբերմունք չկա: Պայմանագրով նախատեսված է փոխհատուցման առավելագույն չափը: Նույնսիկ եթե պարզվի, որ սա քրոնիկ չէ և փոխհատուցման ենթակա է, ամենաառավելագույն չափը 1000 եվրոն է: Այդ մասին մեր մասնագետը տեղեկացրել է տիկնոջը»,-զրույցը եզրափակեց «Նաիրի ինշուրանս»- մարկետինգի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը:

Միջադեպից անցել է գրեթե մեկ ամիս, բայց Արմեն Հովսեփյանը դեռ Իսրայելում է: Երբ նյութը պատրաստ էր հրապարակման, նորից կապ հաստատեցինք Արմեն Հովսեփյանի կնոջ հետ. «Կիրակի օրը պետք է գա Թբիլիսի, մեքենայով գնանք դիմավորենք: Գումարը հայ ժողովուրդը հավաքեց, փոխանցել ենք, հիվանդանոցը գրել է, որ պարտք չունենք, Արմենը գնացել է ոստիկանություն, անձնագրի մեջ կնիք են դրել, որ անցակետերում խնդիրներ չունենա»,-ասաց տիկին Շուշանիկը` հավելելով` ««Նաիրի Ինշուրանս»-ից էլ նամակ էին ուղարկել, որ իր գալուց հետո բժշկական փաստաթղթերի օրիգինալներն իրենց պետք է տանք: Սպասում եմ, որ Արմենը գա, հետո սկսենք դիմելու գործընթացը: Հաստատ մերժելու են, բայց մենք կդիմենք»:

հ. գ. Արմեն Հովսեփյանը Արցախյան պատերազմի վետերան է, մեծ ներդրում ունի կրթության համակարգում, բազմաթիվ դասագրքերի, գիտական հոդվածների, օրենսդրական  փաստաթղթերի հեղինակ ու համահեղինակ է, 1998 թվականից կրթության համակարգում է:

հ.գ. Տիկին Շուշանիկը լուսանկարների տեսքով մեզ է փոխանցել նաև «Նաիրի Ինշուրանս»-ի և իր նամակագրությունը, որը ներկայացնում ենք ստորև:

 

Լրահոս

Դիտել ավելին