Կարևոր իրադարձություններ

Մարդու առևանգման կասկածանքով տղամարդը ձերբակալվել է․ ՔԿ

17 Մայիս, 2022 18:17
Մարդու առևանգման կասկածանքով տղամարդը ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքը:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 32-ամյա տղամարդուց 2022 թ. մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, որը հայտնել է իր նկատմամբ սպանության սպառնալիքներ կատարելու, իրեն առևանգելու մասին:

Նախնական տվյալներով՝ տարիներ առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանում է տեղի ունեցել 32-ամյա տղամարդու և նրա ընկերոջ բարեկամի միջև, որի ընթացքում վերջինս, ատրճանակով սպառնալով փափուստի դիմելու դեպքում սպանել, տղամարդու կամքին հակառակ նրան տեղափոխել է իր առանձնատուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը, բռունցքով հարվածել դեմքին, ստիպել տարբեր աշխատանքներ կատարել:

Օրեր անց՝ 2022 թ. մայիսի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում, օգտվելով ձեռքերը և ոտքերը կապված չլինելու և տանտիրոջ անուշադիր լինելու հանգամանքից, տղամարդը դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 133-րդ հոդվածի 1-ին մասով։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է քաղաքացուն առերևույթ առևանգած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1982 թ. ծնված բնակիչ է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, օրենքով սահմանված կարգով կատարվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրի խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են էլեկտրական պտուտակահան, փայտյա մահակ, ապակե կաթոցիչներ` պատերին մոխրացած հետքերով, կռփազենք, կանեփի բույսի սերմերի նմանվող կանաչավուն սերմեր, ծալովի դանակ, կանեփի թփեր:

Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին