Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

10 Մայիս, 2022 20:05
Սևանա լճում 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է 32 փրկարար ծառայող, թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

***

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

 

Լրահոս

Դիտել ավելին