Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում մինչև օրս քանի անշարժ գույք են ձեռք բերել

28 Մարտ, 2022 14:24
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում մինչև օրս քանի անշարժ գույք են ձեռք բերել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքի հարցին։

«ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել  ցանկացած պետության քաղաքացիներ: Իրավունքների գրանցման կետից, եթե չեմ սխալվում՝ 2002 թվականից սկսած մինչև այսօր, մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից: Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը՝ հասարակական փոքր օբյեկտներ»,-ասել է Թովմասյանը:

Նրա խոսքով, երբ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր:

«Որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում իր այդ գույքը ձեռք բերում: Ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական անձնագիր, դա ստանալու ընթացքում բոլոր մտավախությունները փարատվում են: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, «տեղը տեղին է», և ինքը գալիս է այստեղ ու ձեռք բերում համապատասխան անշարժ գույք»,-ասաց Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար նշեց, որ, եթե չի սխալվում, ապա Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 անշարժ գույք են ձեռք բերել:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու ակտիվության մասով ընդհանրապես մտավախություն չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին