Կարևոր իրադարձություններ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը ապօրինի որս է կատարել․ կենդանական աշխարհին պատճառվել է 3.000.000 ՀՀ դրամի վնաս. ՔԿ

04 Մարտ, 2022 13:52
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը ապօրինի որս է կատարել․ կենդանական աշխարհին պատճառվել է 3.000.000 ՀՀ դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները:Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը միջնորդել է մասնաճյուղի տարբեր հաստիքներում աշխատանքի ընդունել իր ազգականներին և մտերիմներին:

Նշված անձանց հրամանագրվելուց հետո, վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նշված մասնաճյուղի տնօրենը, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, աշխատավարձի հաշվարկներում ներմուծել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում, 2014թ. հունվարից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը։

Քննությամբ պարզվել է նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. հուլիսի 2-ին նույն մասնաճյուղի անտառապահն ու տնօրենը, վերջինիս կողմից շահագործվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ տեղորոշելով և հետապնդելով կենդանուն, անտառապահի անվամբ հաշվառված որսորդական հրացանից արձակած երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել են ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված 3-4 տարեկան բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս:

Այնուհետև, վերոնշյալ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի որսը տեղափոխելիս, նշված մասնաճյուղի տնօրենը նկատել է ՀՀ ոստիկանության ծառայողներին և, չենթարկվելով իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, դիմել է փախուստի: Հասնելով նույն բնակավայրի մեկ այլ տեղամաս՝ տղամարդիկ սատկած կենդանու մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը նշված վայրում հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս կնոջը և եղբոր փեսային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եղբորը և ընկերոջ որդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ անտառապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում կենդանական աշխարհին պատճառված 3.000.000 ՀՀ դրամ վնասը վերականգնվել է, բոլոր մեղադրյալների անվամբ գրանցված առանձին գույքերի վրա դրվել է կալանք՝ գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը ապահովելու նպատակով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին