Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ժամանակակից ռենտգեն սարք

24 Նոյեմբեր, 2021 19:39
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ժամանակակից ռենտգեն սարք

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքը։

«Հուսով ենք, որ նոր սարքավորումները կօգնեն Հայաստանին խթանել համավարակի դեմ պայքարը՝ հեշտացնելով անձանց բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավելով կլինիկական ախտորոշումների իրականացումը։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու COVID-19 համավարակի դեմ: Ես ուրախ եմ բժշկական կենտրոն այցելել հենց այսօր, երբ լրանում է ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման 4-ամյակը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի և ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին: Ինչպես գիտեք, սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը, որը հնարավոր եղավ ձեռք բերել մեր գործընկերների շնորհիվ, թույլ կտա կարճ ժամանակահատվածում և բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպական միությունը շարունակում են աջակցել Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում և լինել բուժաշխատողների կողքին։ Այս ռենտգեն սարքը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ որակի պատկեր ստանալ և հետևել հիվանդության ընթացքին, կարևոր նշանակություն ունի COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքում»,- ավելացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Նշենք, որ ծրագրի շրջանակում COVID-19-ով հիվանդներ սպասարկող հիվանդանոցներին են տրամադրվել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, և բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ՝ էլեկտրասրտագրության սարքեր, թթվածնի խտացուցիչներ, արհեստական շնչառության սարքեր և պացիենտի մոնիտորներ։

Լրահոս

Դիտել ավելին