Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Նիկոսիայում պաշտոնապես բացվեց «Կիպրոս-Հայաստան» բարեկամության այգին

12 Նոյեմբեր, 2021 11:16
Նիկոսիայում պաշտոնապես բացվեց «Կիպրոս-Հայաստան» բարեկամության այգին
Նոյեմբերի 10-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգու» բացման պաշտոնական արարողությանը: Այս նախաձեռնության հեղինակն է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսի աջակցությամբ։
 
Բացման արարողությանը ներկա էին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն, Պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը, Կիպրոսի Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս II Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Կիպրահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տեր. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Այգու բացումը մեկնարկեց Կիպրոսի և Հայաստանի Հանրապետությունների ազգային օրհներգների կատարմամբ, որին հաջորդեցին աղոթք ու ելույթներ:
Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադեսի անունից շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։ Ելույթներով հանդես եկան Կիպրոսի Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս II Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Կիպրահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տեր. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսը, Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Դեսպանն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվելու նման պատմական միջոցառմանը, որը տեղի է ունենում իր պարտականությունները ստանձնելու առաջին շաբաթվա ընթացքում:
 
Դեսպանը հավելեց, որ Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցն ու բարեկամն է։ Նա բարձր գնահատեց հայ-կիպրական հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Վարդգես Մահտեսյանին, ում նախաձեռնությամբ էլ բացվեց «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։
 
Ավարտելով իր խոսքը ՀՀ դեսպան Մկրտչյանն ընթերցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը։ Իր ուղերձում նախարար Միրզոյանը նշել է մասնավորապես հետևյալը. «Ուրախ եմ իմ ջերմագին ողջույնները փոխանցելու Կիպրոսի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Պարոն Նիկոս Անաստասիադեսին, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Գ. տիկին Անիտա Դեմետրիուին և շնորհավորում եմ բոլոր հարգարժան հյուրերին «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգու» բացման կապակցությամբ։
 
Կցանկանայի նաև իմ խորին երախտագիտությունը հայտնել Կիպրոսի իշխանություններին՝ մշակութային ժառանգության պահպանման գործում կիպրահայ համայնքին ցուցաբերած իրենց մշտական հանձնառության ու աջակցության համար: Խորհրդանշական է, որ այսօրվա միջոցառումը տեղի է ունենում այն օրերին, երբ հայաստանցիներն ու արցախցիները գլուխ են խոնարհում և հարգանքի տուրք են մատուցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, ռազմական հանցագործություններով և այլ զանգվածային վայրագություններով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության սկզբունքային դիրքորոշումն Արցախի հարցում և նրա միանշանակ աջակցությունը հայ ժողովրդին։ Կիպրոսը մշտապես եզակի է եղել իրավիճակի հասցեական և հստակ գնահատականով, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»։
 
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքում նշվում է նաև, որ «Կիպրոսի հիմնախնդրի մասին խոսելիս՝ Հայաստանի աջակցությունը Կիպրոսին եղել և մնում է միանգամայն հստակ ու երբեք որևէ երկիմաստություն չի ունեցել։ Հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն՝ ականատես լինելու կղզու վերամիավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության ահռելի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ արդարության և ճանաչման մեր ձգտումներում։ Կիպրոսի իշխանությունների դիրքորոշումը և նրանց կողմից Հայոց ցեղասպանության տարելիցների առնչությամբ արված բազմաթիվ հայտարարությունները կրկին ու կրկին ընդգծում են Կիպրոսի ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմությունն ու ազնվությունը»։
ՀՀ ԱԳ նախարարը խոսքն ավարտել է հին հույն փիլիսոփա Հերակլիտուսի հայտնի աֆորիզմով՝ «Ամեն ինչ հոսում է», ինչը նշանակում է, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է, իսկ կայունությունը պարզապես պատրանք է։ Սա անկասկած ճիշտ է։ Բայց ես խորապես հավատում եմ, որ փայփայելով մեր համատեղ պատմությունն ու արժեքները և փոխանցելով դրանք գալիք սերունդներին՝ մենք կարող ենք երաշխավորել, որ մեր միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հայ և կիպրացի ժողովուրդների միջև շարունակական համերաշխությունն ու բարեկամությունը հավերժ կհարատևեն»։
Միջոցառումն ավարտվեց Սուրբ Աստվածածին երգչախմբի, Համազգայինի Սիփան պարախմբի կատարումներով և ընդունելությամբ:

Լրահոս

Դիտել ավելին