Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

11 Նոյեմբեր, 2021 14:25
Իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դի Ռիզոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների: Վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ գործարար ֆորումների անցկացմամբ ու բիզնես կապերի խթանմամբ: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել 2019 թվականին Իտալիա կատարած պաշտոնական այցը և կարևորել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու երկու պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Դեսպանը ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և հավելել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը՝ շեշտելով, որ առկա է մեծ ներուժ: Կողմերը քննարկել են հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացմանը, առաջիկայում նիստ անցկացնելու հնարավորությանը, ինչպես նաև առողջապահության, արդարադատության և այլ բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին