Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը և ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

27 Հոկտեմբեր, 2021 17:50
Վահագն Խաչատուրյանը և ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականցվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է հանդիսանում, և այս առումով կարևորել է փորձի փոխանակման, փոխգործակցության հնարավորությունները երկու երկրների միջև։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև սիներգիայի և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները բազմաթիվ են: Դեսպանը հատկապես ընդգծել է ստարտափների, ֆինանսական տեխնոլոգիաների, լայնաշերտ ինտերնետի հետ կապված Լիտվայի փորձը, որում երկիրը առաջատար դիրքեր է գրավում Եվրամիությունում: Այս համատեքստում Ստանիտե-Տոլոչկիենեն ողջունելի է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ գործիքների կիրառումը, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը և այլն: Դեսպանը նշել է նաև, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի գործունեությամբ։

Կողմերը երկուստեք ընդգծել են փոխայցելությունների անհրաժեշտությունը՝  երկրների ստարտափների միջև համագործակցության, գործընկերների ձեռքբերման, փոխճանաչելիության նպատակով: 

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստի, տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին