Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Վերջին երկու օրերին պատվաստումների աճ է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

24 Սեպտեմբեր, 2021 11:44
Վերջին երկու օրերին պատվաստումների աճ է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906-ը: Ցավոք, երեկ արձանագրվել է 16 մահ: Այս պահին ՔՈՎԻԴ-ով պացիենտների բուժման համար 18 բժշկական կազմակերպություններում ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Ընդհանուր մեր մահճակալային կարողությունների կարելի է ասել 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է ՔՈՎԻԴ պացիենտների բուժման համար: Մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, ուստի լարվածությունն ընդհանուր առմամբ առողջապահական համակարգի վրա բավական մեծ է»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև պատվաստումների ցուցանիշները. «Մենք վերջին երկու օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի: Երեկ չէ առաջին օրն իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440: Սա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով: Եվ սա բնական է, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված արդեն իսկ 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են մեզ ՔՈՎԻԴ-ով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց: Ներկայացնեմ նաև ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ քանիսն են կազմում պատվաստված քաղաքացիները: Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունեն դրական ՔՈՎԻԴ թեստի պատախան: Այսինքն ակտիվ դեպքերի թիվն է սա, և ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիների են: Սա, իհարկե, շատ բնական է, պատվաստումը, այո, 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև: Ընդհանուր առմամբ հոսպիտալացված 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն է պատվաստված: Այս քաղաքացիներն էլ, նորից եմ կրկնում, հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև, այս քաղաքացիների մեծ մասը հոսպիտալացված է, որովհետև ունի քրոնիկ բազմաթիվ այլ խնդիրներ»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերլուծությամբ, եթե համադրում ենք թվերը, կարող ենք ասել, որ պատվաստանյութը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից և ավելի շատ տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից: Սա է իրական պատկերը»: Վարչապետն անդրադարձել է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումներին. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել աշխատանքի ներկայանալու համար: Այս թեմայի վերաբերյալ քննարկումները շատ են: Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում ծախս անե՞լ, թե՞ չանել: Այստեղ քաղաքացիների համար լրացուցիչ ծախս սահմանելու մասին որևէ խոսք լինել չի կարող: Կրկին ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 300 հազար պատվաստումներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն: Ինչու եմ ասում հիշատակման արժանի, որովհետև, այո, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում»:

Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև, որ կառավարության ներկայացուցիչներն առաջիններից են եղել, որ պատվաստվել են. «Դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Այսպիսով՝ կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս, նախ ինքն է այդ կարգը պահպանում: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եվ եթե զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, մենք դա պետք է անպայման անենք: Սա մի պրոցես է, որով պետք է անցնենք: Մեր երկրի պատվաստման ցուցանիշերը ցածր են, այդ թվում տարածաշրջանային առումով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ երկիրը պատվաստանյութերի դեֆիցիտ չպետք է ունենա: «Առողջապահության նախարարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի մենք բնականոն այս ուղղությամբ աշխատենք: Իհարկե, շատ ուրախալի է, որ ակտիվություն կա, և մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որ բոլորը պատվաստվեն, որովհետև դա շատ կարևոր է մեր երկրում համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու առումով և, իհարկե, մեր երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար: Ցավոք, կորոնավիրուսը շատ բացասական ազդեցություն է ունենում նաև տնտեսության վրա, եթե մենք չենք կարողանում այն վերահսկողության տակ պահել: Հիմա, ըստ էության, մենք եզրային վիճակում ենք, և կրկին կոչ եմ անում բոլորին, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահեն, առաջին հերթին խոսքը գնում է պատվաստումների մասին»,-ասել է վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին