Կարևոր իրադարձություններ

Ո՞վքեր են այս ամիս ամենամեծ իշխանությունն ունեցել Հայաստանում. TOP 10

06 Փետրվար, 2016 15:51
Ո՞վքեր են այս ամիս ամենամեծ իշխանությունն ունեցել Հայաստանում. TOP 10

 

 

Այս ամիս վերջին անգամ այս կազմով են ներկայանում Հայաստանի ամենահզոր մարդիկ, ում որոշումներից է կախված եղել պետության ընթացքը և բազմաթիվ մարդկանց ճակատագրերը: Եվ այսպես.

 

 

10. Սեյրան Օհանյան

Համընդհանուր հարգանք վայելող այս եզակի պաշտոնյային պարբերաբար խանգարում են հակափիարային առանձին դրսևորումներ՝ Շուշան Պետրոսյանի, Առաքել Մովսիսյանի և առավել շատ վնասող այլոց մասնակցությամբ, որոնք վանում են մարդկանց և թույլ չեն տալիս նրանց համախմբվել բանակի ու նրա ղեկավարի շուրջ: Տասնյակի վերջին հորիզոնականում նրա լինելը պայմանավորված է նաև քաղաքական որոշումներին նրա չափազանց պասիվ ու համեստ միջամտությամբ: Չնայած այդ ամենին, բանակի օրվա կապակցությամբ նա դարձավ բազմաթիվ պետական միջոցառումների հերոսը և վերահաստատեց իր դիրքերը ամենահզորների շարքում:

 

9. Հրանտ Մարգարյան

Նրա կուսակցության հեղինակության վերջին շրջանի անկումը նրան էականորեն մոտեցրել է իշխանության վարկանիշին և հզորագույն իշխանական ազդեցությանը: Այսօր նա հազվագյուտ քաղաքական ուժի ղեկավար է, ով կարողանում է հավասարը հավասարի բանակցել, սակարկել և նույնիսկ հարազատաբար գժտվել իշխանությունների հետ: Սպասվում է, որ նրա ազդեցության լծակները շուտով կհամալրվեն մի քանի նախարարների ու մարզպետների աթոռներով: Նման զարգացումների նույնիսկ սպասման այսչափ իրական լինելն ապահովել է նրա մուտքը այս տասնյակ և մեկ կետի վերելքը դրանում:

 

8. Վովա Գասպարյան

Նա թարմացած, երիտասարդացած ու նոր համազգեստով վերադարձավ հրապարակային քաղաքականություն և հերթական անգամ խիստ տոնայնությամբ սաստեց իր ենթականերին: Ըստ էության մարդկանց շահերից բխող ու հակակոռուպցիոն նրա փոխաբերական խոսքն առանձին անհատների կողմից անարդարացիորեն դատապարտվեց: Կաշառք վերցնող և դեպի վերև ցույց տվող ավտոտեսուչի ձեռքը կտրելու նրա օգտակար խոստումն ընկալվեց Շմայսի «բռնաբարելու» և Շուշանի «աչքը հանելու» շարքում: Վերջին ամսում, սակայն, նրա դիրքերը իշխանության մոտ ավելի ամրապնդվեցին, քանի որ նա փայլուն ապահովեց «Նոր Հայաստանի» անհնազանդության սաստումը և ապօրինի տոնածառերի մուտքը Ազատության հրապարակ:

 

7. Տարոն Մարգարյան

Նա դիմակայեց իր դեմ արհեստականորեն սանձազերծված մեդիա արշավին և չընկրկեց իր քաղաքական հակառակորդների կողմից պատվիրված հարձակումների առաջ: Չնայած այս ամիս նա հատուկ հրապարակային միջոցառումներով չզարմացրեց երևանցիներին, այնուամենայնիվ, կարողացավ բոլորին ներկայանալ որպես համառ, պինդ ու երկարակյաց քաղաքական ֆիգուր: Այս ամիս ևս նրա ամենօրյա աշխատանքը գնահատվեց բնակիչների մի ստվար զանգվածի կողմից, իսկ համբերատար ու համեստ գործելակերպը հարգանքի արժանացավ իշխանության բարձրագույն շրջանակների գոնե մի հատվածում:  

 

6. Գևորգ Կոստանյան

Իշխանախաղի բոլոր էական դպրոցներն անցած թիվ մեկ մեղադրողը Հայաստանում և թիվ մեկ պաշտպանը Ստրասբուրգում այս ամիս թռիչքային վերելք արձանագրեց՝ հաղթելով իրավապահ համակարգի իր բոլոր մրցակիցներին: Նախագահի օգնականը նշանակվեց նրա տեղակալ, իսկ Ստրասբուրգի գծով նրա տեղակալ արդարադատության փոխնախարարը շուտով կդառնա ՄԻՊ: Իր մարդկային ջերմ որակներով իրավական համակարգում հսկայական թիմ ու ազդեցություն կուտակած իրավաբանը կարողացել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել նաև ամենառադիկալ ընդդիմության հետ՝ միևնույն ժամանակ անմնացորդ նվիրված ներկայանալով երկրի բարձրագույն իշխանությանը:

 

5. Գորիկ Հակոբյան

Չնայած, որ իր պաշտոնում պաշտոնապես գտնվելու վերջին օրերն են, բայց այս տասնյակում լինելու հավանականությունը հաստատ վերջինը չէ: Հայտնի է, որ տարիքի բերումով նա հաջորդ շաբաթ դե-յուրե հրաժեշտ կտա իր ԱԱԾ տնօրենի պաշտոնին, սակայն անհայտ է, թե նա ինչ հեռավորության վրա կհայտնվի երկրի ամենաուժեղ լծակից: Այս ամիս նա քիչ ավելի նյարդային էր և կոպտորեն արձագանքեց իր հավերժ լինելու լրագրողական հարցադրմանը, սակայն պատճառը լարված քաղաքական շրջանն է, այլ ոչ երբեք իր քաղաքական երկարակեցության մասին սեփական մտահոգությունները:

 

4. Վիգեն Սարգսյան

Բաղրամյան 26-ի գերհզորացման ֆոնին, անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում, միջազգայինների հետ գերպրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ նա դարձյալ այս տասնյակի առաջատարներից է և ընդհուպ մոտեցել է տասնյակի անփոփոխ եռյակին: Նրա հետագա առաջընթացը պաշտոնական հիերարխիայում և այս տասնյակում շատերի կողմից է քննարկվում ու ակնկալվում: Քաղաքական զարգացումների ներկայիս օրինաչափությունների պահպանման պայմաններում քիչ անց այդ ակնկալիքները կարող են իրականություն դառնալ, իսկ մինչ այդ նա աշխատում է բոլոր մակարդակներում՝ հանդիպելով Երևանի թաղերի ակտիվների, դեսպանների, նախարարների, կուսակցությունների և, իհարկե, ամենահզորի հետ:

 

3. Գագիկ Խաչատրյան

Մինչ բոլորը զբաղված են քաղաքական խաղերով ու վերադասավորումներով, նա համառ աշխատասիրությամբ չարչարվում է, որպեսզի երկրի ծանրագույն տնտեսական վիճակներում չլինի ֆինանսական կոլապս: Ձեռքի հետ էլ հասցնում է Հայաստանն իր ոլորտներում դարձնել միակը կամ առաջինը՝ այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Ֆինանսական հսկան իր տիտանական աշխատանքով այս ամիս ևս կարողացել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել ու վճարել բյուջետային աշխատողների աշխատավարձերը, թոշակները, ինչպես նաև պետական այլ ծախսերը:

 

2. Հովիկ Աբրահամյան

Նա շատ դժվարություններ է տեսել իր երկարատև քաղաքական կյանքում, բայց թերևս վերջին 2-3 ամիսները նրա համար ծանրագույնն էին: Նա միակ գործիչն է, ում անունը քաղաքական կուլիսներում նշվում է, որպես բարձրագույն ու բացարձակ իշխանությանը հակակշռողի և իր միատարր հանրապետականում այլընտրանքային տեսակետի կրողի: Նրա նվիրված թիմը և հակառակորդների հետ հարգալից աշխատելու մշակույթը նրան դարձնում են ընդունելի կերպար բազմաթիվ շրջանակների համար և միաժամանակ նաև տարբեր հարձակումների թիրախ՝ դաշնակցության գերակտիվացումից սկսյալ, հատուկ ընդդիմադիրների ու լրատվամիջոցների հարձակումներով ավարտյալ:

 

1. Սերժ Սարգսյան

Նա դարձյալ ու անվիճելիորեն թիվ մեկն է թե՛ այս տասնյակում, թե՛ իշխանական բուրգում, թե՛ որոշումների կայացման գործընթացում և թե՛ բոլոր մրցապայքարներում: Միջազգային հանրությունը վաղուց է դադարել Հայաստանում նրան այլընտրանք փնտրել կամ տեսնել: Իր սահմանադրական փոփոխությունների արդյունքում նա կլինի ոչ միայն Հայաստանի երրորդ Հանրապետության ամենաերկարատև ու ամենահզոր կառավարիչը, այլև վերջին Նախագահը: Նա այս ամիս ոչ միայն կարողացավ իր դիրքերն անսասան պահել երկրի ներսում, այլև Եվրախորհրդում հաղթեց իր վաղեմի թշնամուն՝ Ալիևին, քանի որ տապալեց նրա ամենավտանգավոր նախաձեռնություններից մեկը՝ Ուոլթերի զեկույցը:

 

 

P.S. Հաջորդ շաբաթ Հայաստանում սպասվում են պաշտոնների վերաբաշխման ու քաղաքական վերադասավորումների հետաքրքիր գործընթացներ, և հնարավոր է, որ մյուս ամսվա ամենահզորների տասնյակը ներկայանա նորովի՝ առանց առանձին դեմքերի, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում աննշան դիրքային փոփոխումներով պարբերաբար կրկնվում էին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին