Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Քննարկվել են սոցիալական աշխատողների հաստիքների ավելացման հարցերը

05 Օգոստոս, 2021 10:20
Քննարկվել են սոցիալական աշխատողների հաստիքների ավելացման հարցերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել  «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների վերաբերյալ հանրային քննարկում։

Առաջարկվող լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը։ Վերջիններս իրենց ելույթներում կարևորել են Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, համայնքային սոցիալական աշխատողների հաստիքների ավելացումը, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնավարության և բնականոն զարգացման պայմանների ապահովումը։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի  խոսքով՝ համայնքային սոցիալական աշխատողների ներդրման այս նախաձեռնությունը տարիներ շարունակ սոցիալական պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի կատարած աշխատանքի նոր փուլն է, որը հնարավորություն կտա ընդլայնել համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտը։ ՀՀ կառավարության բարեփոխումների տեսլականն է սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոն, ցանցային զարգացումը, որի հենակետերը ուժեղ համայնքներն են՝ ի դեմս ուժեղ և պրոֆեսիոնալ համայնքային սոցիալական աշխատողների։

 «Ուրախ եմ, որ Երևանում այս հարցի շուրջ նախաձեռնողական քայլեր են իրականացվում և մեր գործընկերների աջակցությամբ վերջին ամիսներին շուրջ 60 սոցիալական աշխատող է վերապատրաստվել։ Նախարարությունն այժմ նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության կայացման գործընթացում է, որի առաջանհերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը։ Սակայն այն ինքնաշխատ կերպով զարգանալ չի կարող, քանի որ  փոխադարձաբար կապված է համայնքներում սոցիալական աշխատանքի  կայացման հետ»,– ընդգծել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով օրինագծերի միջոցով առաջարկվող փոփոխություններին՝ վերջինս կարևորել է սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքների ներկայացուցիչների կողմից իրականացված քայլերն ու ջանքերը՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և զարգացման գործում։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ևս խոսել է համայնքում սոցիալական աշխատողի դերի և առաքելության մասին՝ մանրամասնելով․ «Ավելի քան չորս տարի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրն աշխատել է Հայաստանի համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ: Երբ մենք միասին սկսեցինք այս ճանապարհորդությունը, երկրում ընդամենը ութ համայնքային սոցիալական աշխատող կար: Թույլ տվեք կրկնել՝ 8 սոցիալական աշխատող 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի համար: Այժմ՝ 87 համայնքում գործում են 91 սոցիալական աշխատողներ։ Միայն Երեւանում 1 միլիոն մարդ սպասարկելու համար կար ընդամենը մեկ սոցիալական աշխատող, այժմ, CLASS ծրագրի և գործընկերներ կառույցների աջակցությամբ, Երևանն ունի վերապատրաստված 60 սոցիալական աշխատող, ովքեր այս ամառ արդեն անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Այս ամենը մեծ նվաճում է: Մենք հպարտ ենք, որ կարող ենք ասել, որ մենք եղել ենք այս հաջողություններին նպաստող կողմերից մեկը»։

Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ևս ընդգծել է համայնքային սոցիալական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ մի շարք համայնքներում սոցիալական աշխատողների ակտիվ գործունեությունը նշանակալի արդյունքներ է գրանցել։ Վերջինս կարևորել է նաև այն ջանքերը, որոնք ուղղվում են սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, քանի որ դա անհրաժեշտ նախապայման է համայնքներում հասանելի սոցիալական ծառայություններ ունենալու համար։

Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության կողմից համայնքային սոցիալական աշխատանքի կայացմանն աջակցող ընթացիկ աշխատանքներն ու համայնքային սոցիալական աշխատանքի սկզբունքները։ Վերջինս իր խոսքում նշել է․ «Համայնքային սոցիալական աշխատողները սոցիալական պաշտպանության համակարգի առաջամարտիկներն են: Նրանք այն մասնագետներն ենորոնք վաղ հայտնաբերում են առկա սոցիալական խնդիրներըինչպես նաև մեծ դեր ունեն այդ խնդիրների կանխարգելման գործում»։

Օրինագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները որպես զեկուցող ներկայացրել է նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Աստղիկ Մինասյանը, ով իր ելույթում նկարագրել է ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները։ Ա․ Մինասյանը ներկայացրել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերով առաջարկվող փոփոխությունները, հիմնավորել դրանց անհրաժեշտությունը։ 

Հարակից զեկույցով հանդես է եկել ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, որի փաստարկմամբ՝ պետք չէ որևէ միջամտություն անել համայնքային մարմինների հաստիքների ավելացման կամ նվազեցման գործում։ Համամիտ լինելով սոցիալական աշխատողի ինստիտուտի դերակատարման կարևորության հետ՝ նա ընդգծել է, որ իրենց նախարարությունն այլ մոտեցում ունի հաստիքների ավելացման առաջարկի վերաբերյալ։ Կարծիք է ներկայացվել լրամշակել օրինագիծը՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման գործառույթներն ու հնարավորությունները։

Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության  վարչության պետ Լուսինե Հովհաննիսյան խոսքով երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ, մասնավորապես՝ համավարակի և պատերազմի շրջանում, ակնհայտ է եղել սոցիալական աշխատողի անհրաժեշտությունը յուրաքանչյուր վարչական շրջանում, և այս պահին նախաձեռնել են մի ծրագիր, որի շրջանակում Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է սոցիալական աշխատողներ և հոգեբանի առնվազն մեկ հաստիք։

Հայաստանում սոցիալական աշխատանքի մասնագիտական ծառայությունների կայացմամբ շահագրգիռ, սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ակտիվ գործող քաղաքացիական հասարակության կառույցները քննարկմանը ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկությունները և նոր նախաձեռնությունները։

Միջոցառումը ԱՍՀՆ ենթակայության ներքո 2021 թվականի ապրիլի 1-ից գործող Միասնական սոցիալական ծառայության ամրապնդման և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների շարունակվող քայլերից է։

Հանրային քննարկման կազմակերպական աշխատանքներին աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունըՄանկական զարգացման հիմնադրամը՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակներում։

 

 

ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

Լրահոս

Դիտել ավելին