Կարևոր իրադարձություններ

Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը կայացնելու մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ. Ռոմանոս Պետրոսյան

30 Հունիս, 2021 19:13
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը կայացնելու մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցություն ացկացրեցի։

Նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը՝ դժգոհություն հայտնեցի նախորդ ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և հնչեցրեցի խիստ գնահատականներ․որոշ աշխատակիցների տրվել են խիստ նկատողություններ, մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։

«Սևան» ազգային պարկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խիստ հրամայական կա։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գործելաոճը, անհրաժեշտ վարչարարության կիրառումը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։

Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, պետության և քաղաքացու շահերի սպասարկման մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ։

Կրկին անդրադարձա «Սևան» ազգային պարկի առջև դրված խնդիրների առաջնահերթություններին՝

պատասխանատուներին տալով մի շարք հանձնարարականներ․

հանրային լողափերի գործունեության ողջ ընթացքում խստիվ հետևել տարածքների համար սահմանված կարգապահական նորմերին,

հավուր պատշաճի կազմակերպել և ժամանակին իրականացնել տարածքների աղբահանությունը,

պատրաստվել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով կազմակերպելուն (Հիշեցնենք, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով մշակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը)։

Հանդիպման ավարտին ազգային պարկի գործընկերներին հորդորեցի համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և անել հնարավորը՝ այն կյանքի կոչելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին