Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    578
    594

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

ՄԻԵԴ-ն արգելել է Սուրեն Խաչատուրովի արտահանձնումը

24 Հունիս, 2021 18:39
Հեղինակ՝ Տիգրան Եգորյան
ՄԻԵԴ-ն արգելել է Սուրեն Խաչատուրովի արտահանձնումը

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրաապարակել է Սուրեն Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (KHACHATUROV v. ARMENIA Application no. 59687/17 հղումը մեկնաբանություններում):

Այս վճռով Դատարանը ճանաչել է Սուրեն Խաչատուրովի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների խախտում և արգելում է Սուրեն Խաչատուրովի արտահանձնումը:

Այս գործն այն մասին է թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունում հարգվում, երաշխավորվում և պաշտպանվում, այս դեպքում, խոշտանման և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքները:

Այս գործը մի յուրօրինակ կամուրջ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի միջև, որին մասնակցել են և մասնակցում են ինչպես ՀՀ նախորդ կառավարությունն այնպես էլ ներկա կառավարությունը, մասնակցելու է նաև ապագա կառավարությունը:

Այս գործն արտացոլում է իրավունքի ընկալումը ինչպես նախորդ կառավարության, այնպես էլ հետհեղափոխական կառավարության, գլխավոր դատախազության և դատարանների կողմից:

Այս գործը ևս մեկ կարևոր ցուցիչ է լինելու նրա, թե ինչպիսին է եղել արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսին է հիմա և ինչպիսին կլինի ապագայում:

Արդյոք արդեն երկրորդ անգամ ժողովրդի լայն վստահությունը և քվեն ստացած իշխանությունը կգտնի ուժ և կարողություն ժողովրդին մատուցելու իրական արդարադատություն և վերացնելու այն արատավոր կորիզը որ տասնամյակներ կեղեքում և կործանում է մարդկանց ճակատագրերը ....

Ստորև ներկայացնում եմ գործն ամփոփ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմելու կարևոր փաստերի և այսօր «արդարադատություն» իրականացնող ների էության մասին (դատավորներ Էդիկ Ավետիսյան, Մխիթար Պապոյան, Ալեքսանդր Ազարյան և իհարկե Վճռաբեկ դատարանի քրեական պալատ):

14.04.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովին ժամանակավոր կալանավորելու միջնորդությունը՝ անտեսելով նրա առողջական վիճակը:

30.05.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը:

19.05.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովի նկատմամբ արտահանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը և կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով՝ անտեսելով նրա առողջական վիճակը:

19.07.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ անտեսելով պարոն Խաչատուրովի առողջական վիճակը և տեղափոխման պարագայում նրա կյանքին սպառնացող վտանգը փաստող բժշկական փաստաթղթերը: Դատավորն առանց խորանալու հարցի զգայունության մեջ (առանց քննարկելու այն փաստարկը որ Ս.Խ.-ի կյանքին վտանգ է սպառնում հենց տեղափոխման պրոցեսում) համարել էր որ լիովին բավարար են ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքն առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն:

Բացի դրանից դատավոր Մ.Պապոյանը, պարզելով որ Ս.Խ-ին անհրաժեշտ է թարգմանիչ, որոշում էր կայացրել թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ, սակայն հետագայում թարգմանիչ չէր հրավիրվել, և գործը քննվել էր առանց թարգմանչի և չէր էլ տրամադրվել որոշման թարգմանությունը:

21.08.2017թ. վճռաբեկ դատարանի բողոքը բավարարելու մասին որոշում. Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ Ս.Խ.-ի իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել վերաքննիչ դատարանի կողմից և թույլ է տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Վճռաբեկ դատարանը չէր անդրադարձել տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի հարցին:

07.09.2017թ. դատավոր Էդ. Ավետիսյանն ընդունել է որոշում արտահանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին:

Հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և բողոքը քննել է վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

17.10.2017թ. Բողոքի քննության ընթացքում Ս.Խ.-ի առողջական վիճակը վատանում է և դատական նիստը ընդմիջվում է շտապ բժշկական օգնություն հրավիրելու նպատակով: Հրավիրված շտապօգնության բժիշկները շտապ առաջին օգնություն ցուցբերելուց հետո հոսպիտալացման ցուցում են տալիս և Ս.Խ.-ն տեղափոխվում է դատապարտյալների հիվանդանոց: Սակայն դա չի խանգարում պարոն Ալեքսանդր Ազարյանին գործի քննությունը շարունակել և որոշում կայացնել նրա բացակայությամբ:

17.10.2017թ. որոշմամբ պարոն Ալեքսանդր Ազարյանը որոշել էր (ընդամենը մեկ պարբերությամբ), որ Ս.Խ.-ի կալանավորման ժամկետը պետք է երկարացնել նրան քրեական պատասխանատվության հարցը լուծելու, ՌԴ-ին տեղեկացնելու և արտահանձնումը կազմակերպելու համար: Բացի դրանից, պարոն Ալեքսանդր Ազարյանը համարել էր, որ նշված ժամանակն անհրաժեշտ է նաև ՀՀ վերաքննիչ դատարանին՝ քննության, ինչպես նաև վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտության դեպքում բողոքարկելու համար: Պարոն Ալեքսանդր Ազարյանը վերաքննիչ բողոքը մերժել էր՝ նաև հաշվի առնելով այն, որ արտահանձնելու համար կալանավորման ժամկետը չի գերազանցում 8 ամիսը:

Այնուհետև, վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննել էր վճռաբեկ դատարանի կողմից 21.08.2017թ. բեկանման արդյունքում արտահանձնման վերաբերյալ գործը:

25.10.2017թ. է Ս.Խ.-ի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին (միջնորդության հիմքում դրված էին Ս.Խ.-ի բժշկական հետազոտությունները, ախտորոշումներն ու բժիշկների եզրակացությունները նրա ծանր առողջական վիճակի վերաբերյալ) : Սակայն վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը գտել էր, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժել այն՝ հաշվի առնելով ՌԴ գլխավոր դատախազության երաշխիքներն առ այն, որ անհրաժեշտության դեպքում Ս.Խ.-ին կտրամադրվի բժշկական օգնություն և դեռ ավելին՝ կալանքի կամ պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի նաև տեսակցության հնարավորություն:

25.10.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննում է Ս.Խ.-ին ՌԴ արտահանձնման թույլտվության վերաբերյալ բողոքը և ինչպես դատավոր Մ.Պապոյանը որոշում է, որ տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող ռիսկը լիովին փարատում է ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքը առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն:

Այնուհետև բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժում է Վճռաբեկ դատարանը:

Արդյունքում Ս.Խ.-ն կալանքի տակ է պահվում օրենքով թույլատրված ամբողջ 8 ամիս ժամանակահատվածով, ինչից հետո մինչ օրս ստանում է բուժում և սպասում իր ճակատագրի լուծմանը»:

Լրահոս

Դիտել ավելին