Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    513

  • EUR

    603
    615

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Ինչու՞ ենք բազում խնդիրներից առանձնացրել աշխատանքն ու անվտանգությունը․ Արամ Սարգսյան

04 Հունիս, 2021 10:00
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Ինչու՞ ենք բազում խնդիրներից առանձնացրել աշխատանքն ու անվտանգությունը․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչու՞ պիտի միջին վիճակագրական հայն իր ձայնը տա «Հանրապետությանը».

«Հանրապետության» կարգախոսն է «Աշխատատեղ և անվտանգություն»:

Ինչու՞ ենք բազում խնդիրներից առանձնացրել աշխատանքն ու անվտանգությունը: Որովհետև պայմանավորված են իրարով. միայն արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը և տնտեսական զարգացումը կարող են լիարժեք անվտանգություն տալ: Մենք հասարակական համերաշխության մթնոլորտը դիտարկում ենք որպես անվտանգության գործոն և պարտավորվում ենք այնպիսի իրավիճակ ձևավորել, որ հայրենիքի պաշտպանությունը լինի ոչ միայն պարտականություն, այլև՝ պատիվ: Հայաստանի ազգային բանակի զինվոր լինելը օրենսդրորեն պետք է զորացրված երիտասարդի առաջ բացի գիտական ու աշխատանքային կարիերայի լավագույն հեռանկարներ՝ տալով կոնկրետ արտոնություններ: Երկրում պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որում ժամկետային ու պայմանագրային ծառայությունը շահեկան դառնա և’ պետության, և’ քաղաքացու համար:

«Աշխատատեղ և անվտանգություն» բանաձևը պարունակում է բազում շերտեր, որ ներառում են.

1. ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխություն՝ հօգուտ Արևմուտքի ու Արևելքի երկրների հետ համագործակցության, որ ապահովելու է Հայաստանի էներգետիկ անկախությունը, միջազգային տնտեսական նախագծերում Հայաստանի ընդգրկվածությունը և նպատակային ներդրումների ներգրավումը:

2. Բանակի վերազինում 5-րդ սերնդի պատերազմների զինատեսակներով և հայ զինվորների վերապատրաստում ուսումնական նոր ծրագրերով: Հայ զինվորը իրեն հավասարը չունի հայրենիքը սիրելու ու պաշտպանելու մեջ, բայց անցել են ժամանակները, երբ Դավիթը Սավուղին պարսատիկով էր հաղթում՝ ունենալով Աստծո աջակցությունը: Աստծո աջակցությունն ունենալու համար մենք պետք է սիրենք մեր երկիրը ու գնահատենք մեր ներուժը: Հիշեք Վազգենի՝ մահապարտներին ուղղված կոչը. «Իրականում՝ մենք նույն մենք ենք, թշնամին նույն թշնամին է…», այս անգամ մեզ վրա հարձակվել էր ոչ թե նույն թշնամին, այլ՝ թշնամիների խումբ, որ ուներ զինվորների քանակի ու սպառազինության որակի առավելություն: Բաքուն ուներ Թուրքիայի պես դաշնակից, որ բարձրակարգ զենքով, մոջահեդներով ու նոր տեխնոլոգիաներով պատերազմելու ռազմավարություն ու մարտավարություն էր ապահովում Ադրբեջանին: Մեր դաշնակից Ռուսաստանը հայտարարում էր՝ Արցախն Ադրբեջան է…

3. Մենք պարտվել ենք թշնամուն, բայց դա պարտություն էր մեկ ճակատամարտում, մենք չենք պարտվել մեր ազգային-ազատագրական, հայրենական պատերազմում, վերջնական հաղթանակի ու իրավիճակի փոփոխության համար պետք է համատեղենք Արցախի, Հայաստանի, սփյուռքի ներուժը՝ կոնկրետ, նպատակային ծրագրերում, որոնց միակ շահառուն միջին վիճակագրական հայն է, իսկ ընդհանրական շահառուն՝ պետությունն ու պետականության ամրապնդումը:

Սովորական պայմաններում խնդիրները լուծում ես ըստ ծագման հաջորդականության, ճգնաժամի ժամանակ՝ համաժամանակյա ու հնարավորինս արագ՝ քիչ կորուստների համար:

«Հանրապետությունը» չի հայհոյում, չի նզովում, պարտության դառնության մեջ ազգովի ինքնասպան լինելու կոչեր չի անում, մեղավորների որոնման վրա ժամանակ ծախսելու հակված չէ: «Հանրապետությունը» հավատարիմ է իր նպատակներին ու ծրագրերին, քաղաքական զիգզագներ չի գծել՝ տուրք տալով պոպուլիզմին ու կարճաժամկետ շահին, օրվա քաղաքական պահանջներին տրվելով՝ քվեների համար մրցակցության մեջ չի հրաժարվել իր գաղափարներից, գիտակցելով, որ գնում է դեպի ժամանակավոր պարտություն: Մենք ունենք մեր երկրի հնարավորությունների համարժեք գնահատական, աշխարհաքաղաքական զարգացումների սթափ ընկալում, վստահ ենք մեր ուժին և կարողությանը: Մեր անցած ճանապարհով ու ներուժով՝ գտնում ենք, որ իրավունք ունենք վստահության քվե ստանալ՝ ձևավորելու այն արժեհամակարգը. որի առաջին կետում անկախությունն է, կենտրոնում՝ մարդը, սրտում՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ»։

 

Լրահոս

Դիտել ավելին