Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Շատ քաղաքական ուժեր ու հոսանքներ, կարելի է ասել, «ձեռքերն են տաքացնում». Բադասյանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին

05 Մայիս, 2021 15:41
Շատ քաղաքական ուժեր ու հոսանքներ, կարելի է ասել, «ձեռքերն են տաքացնում». Բադասյանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին

ԱՆ պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու վերաքննիչ դատարանի որոշմանը և դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգավարական վարույթին․ հարցազրույցը ստորև․

-Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբաններին վերադարձրել էր նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված բողոքը՝ եզրահանգելով, որ  իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ արձակված Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը առոչինչ ճանաչելու պահանջով, չի կարող քննել, քանի որ չկա Գասպարյանին ազատելու մասին փաստաթուղթ։ Իսկ նախօրեին Վերաքննիչ  վարչական դատարանը որոշել է վերացնել Վարչական դատարանի՝ հայցը վերադարձնելու որոշումը։ Վերաքննիչի այս որոշումը ի՞նչ է նշանակում, պարոն Բադասյան։

-Սա նշանակում է, որ այն, ինչ  Կառավարությունը պնդում էր բազմիցս, որ գոյություն ունի ակտ, դրա վերաբերյալ սահմանադրական կարգավորումները շատ հստակ են, այսինքն Օնիկ Գասպարյանը ազատված է զբաղեցրած պաշտոնից, ընդամենը հաստատվեց Վերաքննիչ  վարչական դատարանի կողմից։ Եվ այս պարագայում խոսք լինել չի կարող իրավահարաբերության բացակայության մասին, ինչը ևս մենք պնդում էինք։ Այսինքն չի կարող քննարկվել ճանաչման հայց՝ իրավահարաբերությունների բացակայության մասին։ Նաև Վարչական վերաքննիչ դատարանն անդրադարձել է սահմանադրական կարգավորումներին, որոնցից ուղղակիորեն բխում է Նախագահի կողմից ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորության առկայությունը, ինչը ընկած էր ներկայացրած մեկ այլ հայցադիմումի՝ ակտն առոչինչ ճանաչելու հիմքում։ Նման պնդումն, իհարկե, «հատուկ ջանասիրություն» էր պահանջում, քանի որ կրկին սահմանադրական կարգավորումները շատ պարզ են։          

-Իսկ ի՞նչ է սպասվում այս որոշումից հետո։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենալու։

-Ըստ էության, քննարկվելու է հայցվորի ներկայացրած առոչինչ ճանաչելու պահանջը, որի մասով արդեն  նշեցի, որ մեր կարծիքով, այդ պահանջն ակնհայտ անհիմն է։ Նաև զուգահեռ գործընթաց կա Սահմանադրական դատարանում, որով վիճարկվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան դրույթները, որոնց մասով կսպասենք Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը։ Մենք  այդ հարցում էլ ենք վստահ, որ հակասահմանադրական կարգավորում չունի օրենքը։

-Սահմանադարական դատարանը հրապարակել է որոշում՝ կապված Սահմանադրության 213 հոդածի փոփոխությունների սահմանադրականության և Ազգային ժողովի կանոնակարգի որոշ դրույթների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրությանը չեն հակասում ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումները։ ՍԴ-ն նաև անդրադարձել է 213 հոդվածի փոփոխություններին։ ՍԴ այս որոշումն ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Նախ նշեմ, որ թեև հպանցիկ եմ ծանոթ ՍԴ որոշմանը, բայց այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ տվյալ  դեպքում Սահմանադրական դատարան չդիմելը հանդիսանում է ողջամիտ բացառություն սահմանադրական փոփոխությունների նախնական վերահսկողության շրջանակներում, որովհետև, ըստ էության, փոփոխությունները ուղղակիորեն վերաբերում էին ՍԴ յոթ դատավորներին,  հետևաբար, այդ հարցին անդրադառնալով, համարում է, որ 213 հոդվածի փոփոխությունների հետ կապված էջը փակված է։ Այս դիրքորոշումը ևս հայտնել էինք սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ։ ՍԴ կազմում դատավորների միասնական կարգավիճակի ապահովման մասով էջը կարելի է փակված համարել։

-Պարոն նախարար, մեկ այլ հարցի անդրադառնանք։ Դատավոր Արման Հովհաննիսյանն իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասով պնդում է, որ սա հետապնդում է։ Որո՞նք են ձեր մեկնաբանությունները։

-Քանի որ դատավորի կողմից արդեն հրապարակային է դարձվել իր նկատմամբ կարգապահական վարույթի առկայության փաստը, ինձ թույլ կտամ շատ սահմանափակ մեկնաբանություններ անել։ Բնականաբար, հետապնդման մասին խոսք չկա, նաև սխալ է այն ընկալումը, որ այդ վարույթը հարուցված է ապացույցների սխալ գնահատման հիմքով։ Իրականում, վարույթի հիմքում դրված է այն, որ ըստ էության, անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, որոնք ակնհայտորեն դուրս են կալանքի միջնորդության քննարկման շրջանակներից։ Ի դեպ, Վճռաբեկ դատարանը անդրադարձել է հարցին, թե ո՞ր հարցերն են, որոնք պետք է քննարկվեն կալանքի միջնորդության քննության ժամանակ։ Այսինքն, ամենևին մենք չենք մտել ապացույցների գնահատման դաշտ, այլ առերևույթ կարգապահական խախտման հիմքերի առկայության պարագայում նախաձեռնել ենք կարգապահական վարույթ։ Ընդ որում, անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է գաղտնի գործընթացի այս փուլում, երբ դեռ պարզ չէ՝ մենք միջնորդություն ներկայացնելու ենք, թե՝ ոչ, որովհետև մի փուլ է կարգապահական վարույթի հարուցումը, բոլորովին այլ փուլ է՝ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը և բոլորովին այլ շեմեր են կիրառելի, այն հրապարակային է դարձվում։ Կարծում եմ՝ այս գործընթացի վրա շատ քաղաքական ուժեր ու հոսանքներ, կարելի է ասել, «ձեռքերն են տաքացնում» և, իմ կարծիքով, նմանատիպ իրավիճակներն ամենևին չեն բխում դատավորների շահերից։ Ավելին, ես դատավորներին անընդհատ նման հստակ քաղաքական հոսանք ունեցող պրոցեսների մեջ ներգրավելու միտում եմ տեսնում։ Կարծում եմ՝ պետք է ամեն գնով զերծ մնալ նման գործընթացների մեջ մտնելուց: Առհասարակ, վերանալով կոնկրետ հանգամանքներից, գիտեմ, որ որոշ շրջանակների կողմից շատ տարբեր տրամադրություններ ստեղծելու խնդիր կա, որոնք դատավորներին ամեն կերպ տրամադրում են գործող իշխանությունների դեմ։ Մի քանի պարզ տվյալ ասեմ։ Ո՞ր իշխանության օրոք է դատավորի 42 հաստիք համակարգում ավելացնելու պրոցես սկսվել, ընդ որում՝  բոլոր ատյաններում, բոլոր մասնագիտացման գործերի քննության համար։ Մենք ենք այդ փոփոխությունը նախաձեռնել։ Երկրորդ, դեռ երբեք էլեկտրոնային արդարադատության ոլորտում այդքան քայլ չի  կատարվել, որքան մեր կառավարության կողմից, և դրանք ուղղակի տեսական քննարկումներ չեն, այլ գործնական հիմքեր ունեն։ Մենք վճարման կարգադրությունների մասով թվայնացրել ենք այդ գործընթացը։ Այս տարի ևս նման նախաձեռնություններ ունենք սնանկության, քաղաքացիական, վարչական դատավարություններում, նախաքննության փուլի ու, առհասարակ, բոլոր գործերով միասնական էլեկտրոնային հարթակ ունենալու, թղթաբանությունը կրճատելու աշխատանքներ են իրականացնում։ Հենց հիմա էլ քննարկում ենք դատավորների աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների բարձրացման հարցերը։ Եվ կարծում եմ՝ բոլոր այդ շահարկումները, որ այս իշանությունը դատական համակարգի նկատմամբ հատուկ տրամադրվածություն ունի, պետք է ընկալվեն միայն այն առումով, որ այդ հատուկ տրամադրվածությունը միայն դրական է, և մենք որևէ այլ «պահանջ», քան դատական համակարգից արդարադատության օբյեկտիվ իրականացումն է, չունենք։ Ուրախ ենք, որ գործադիրից անկախությունը դատական համակարգում «վայելում են», բայց դա չի նշանակում, որ որևէ այլ ուժերից ու հոսանքներից դատական համակարգը պետք է կախվածության մեջ մնա։ Դա մեր ու հանրության համար անընդունելի է։

Լրահոս

Դիտել ավելին