Կարևոր իրադարձություններ

Գնաճը գնալով ահագնանում է, դրական միտումներ չկան. «Փաստ»

04 Մայիս, 2021 08:37
Գնաճը գնալով ահագնանում է, դրական միտումներ չկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են:

Մասնավորաբար, քաղաքացիները ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք:

«Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նա միևնույն ժամանակ հավելեց, որ գնաճի տեմպերն անընդհատ մեծանում են: «Եթե դիտարկենք միտումները, գնաճը գնալով ահագնանում է, որովհետև 2020 թ. հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ունեցել ենք մինչև 1,5-1,8 տոկոսանոց գնաճ: Իսկ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 3,7 տոկոսի: Արդեն 2021 թ. հունվարին ունեցանք 4,3, հետո՝ 4,8 տոկոս, ու գնալով այդ ցուցանիշն աճեց: Ակնհայտ է, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածների, մենք հիմա ամեն ամիս ավելի բարձր տեմպերով գնաճ ունենք: Հետևաբար, սա վկայում է, որ տնտեսությունում գնաճի առումով դրական միտումներ դեռ չկան»,-ասաց տնտեսագետը»:

 

Լրահոս

Դիտել ավելին