Կարևոր իրադարձություններ

Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ

28 Ապրիլ, 2021 15:56
Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Հարգելի տիկին Մամեդովա,

Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային ժողովի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Գենգեշի) առաջին նիստի կարևորությունը:

Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին և այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ և մաղթել ձեզ նոր նվաճումներ, խաղաղություն և բարգավաճում:

Հարգելի գործընկերներ,

ինչպես բոլորս գիտենք, Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը /Ասամբլեան/ միաձայն ընդունեց բանաձև` հռչակելով 2021 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի, որին համահեղինակ էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ և չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ապահովման:

Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության և փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության և անվտանգության ապահովմանը:

Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրների լուծման ամենակարևոր և արդյունավետ միջոցը:

Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական և կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարևոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն և խաղաղ համայնքի ստեղծմանը:

Միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար` նպաստելով երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին:

Միևնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների և քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում և ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել եւ ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է:

Միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հարգելի գործընկերներ,

եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար, որն արդյունավետ հարթակ է հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման, ինչպես նաեւ տեսակետների ու փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ կառուցողական և բեղմնավոր քննարկումը կծառայի բազմակողմ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ բոլոր կարևորագույն ուղղություններով, ինչպես նաև բարեկամության, վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը մեր երկրների միջև:

Մաղթում եմ բոլորիս հաջողություն և բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Լրահոս

Դիտել ավելին