Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյաց քաղաքականությունն ուղիղ մարտահրավեր է խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերին. Այվազյան

15 Ապրիլ, 2021 14:46
Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյաց քաղաքականությունն ուղիղ մարտահրավեր է խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերին. Այվազյան

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 

Երկուստեք կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ: 

Նախարար Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին