Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Արցախի բնակիչների դեմ արգելված զինատեսակների կիրառման վրա

10 Ապրիլ, 2021 18:31
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Արցախի բնակիչների դեմ արգելված զինատեսակների կիրառման վրա

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և զարգացման իրավունքի իրականացման վրա։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Սիրիայում հայկական հումանիտար առաքելության ականազերծման և ականային վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։

Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրվել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմանը և չպայթած զինամթերքով տարածքի աղտոտմանը։ Նշվել է Լեռնային Ղարաղում ռուսաստանյան խաղաղապահների կողմից ականազերծման ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքը։

 

Լրահոս

Դիտել ավելին