Կարևոր իրադարձություններ

Ռուբլու արժեզրկման պատճառով գործարարների համար նպատակահարմար չէ այսօր ապրանք արտահանել ՌԴ. Վազգեն Սաֆարյան

18 Հոկտեմբեր, 2015 10:55
Ռուբլու արժեզրկման պատճառով գործարարների համար նպատակահարմար չէ այսօր ապրանք արտահանել ՌԴ. Վազգեն Սաֆարյան

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով գինու և կոնյակի արտահանման ծավալների նվազմանը, ինչպես նաև խաղողի մթերման խնդիրներին, ասաց, թե Ռուսաստանում ռուբլին արժեզրկվել է՝ պայմանավորված նավթի գների անկմամբ, այդ պատճառով էլ ապրանք արտադրողների համար նպատակահարմար չէ այսօր ապրանք արտահանել դեպի Ռուսաստան:

 

-Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ պետք է անեն ապրանքարտադրողները, եթե օրինակ՝ ռուսական ռուբլին արժեզրկվել է:
 

-Պետք է սպասեն, երբ ռուբլին կայունանա, նոր արտահանեն իրենց ապրանքը, որպեսզի կարողանան որոշակի շահույթ ապահովել։ Մենք սպասում ենք, որ կգա ժամանակ, երբ ՌԴ-ում տնտեսությունը կկայունանա, մասնավորապես՝ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ, այդ դեպքում նոր գինու և կոնյակի արտահանումներն իրականացնել:
 

Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա կարծում եմ, որ կառավարությունը պետք է որոշակի վարկավորում անի մթերող կազմակերպություններին, որ նրանք կարողանան մթերում իրականացնել, ամբարել, գինի և կոնյակ արտադրել՝ հարմար պահի իրացնելու համար: Սա մի ճանապարհն է: Հաջորդ ճանապարհն այն է, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը. այսօր դեպի Չինաստան կոնյակ առաքելու քայլեր պետք է կատարվեն: Չինական շուկան ահռելի շուկա է, կարծում եմ, որ կա հնարավորություն կոնյակ խմելը Չինաստանում մշակույթ դարձնելու: Պետք է որոշակի գովազդային քաղաքականություն իրականացվի: Մեր առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ արդեն 270 միլիոն դոլար է տարեկան: Դա նշանակում է, որ մենք արդեն ինչ-որ չափով մեր տնտեսությունը դիվերսիֆիկացրել ենք:
 

-ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ էլ ասվում էր, թե Ռուսաստանի շուկան է հսկայական շուկա, և ապրանք արտադրող մի շարք միություններ մեծ հույսեր էին կապում այդ շուկայի հետ: Հիմա, երբ այդ միությանն անդամակցելուց արդեն 3-րդ եռամսյակն է անցել, կարո՞ղ եք թվարկել ձեռքբերումներն ու բացթողումները:
 

-ԵՏՄ-ի մասին երբ խոսում ենք, պետք է կարևորենք հիմնական խնդիրը, որն արդեն ասել է ՀՀ Նախագահը, և շատ ճիշտ շեշտադրումներ է արել, այն է, որ մենք մեր ազգային անվտանգության խնդիրները եթե լուծում ենք ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում, մենք չենք կարող տնտեսական խնդիրները փնտրել մեկ այլ երկրների համատեքստում: Այդ իմաստով ԵՏՄ-ին մեր ինտեգրումն առաջին հերթին քաղաքական և ռազմաքաղաքական ուղեգծի շարունակությունն է եղել: Մենք չենք կարող մեր ռազմավարական որոշումները կապել Ռուսաստանում ստեղծված ժամանակավոր դժվարությունների հետ: Պարզապես պետք է կարողանանք ստեղծված իրավիճակում դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը:
 

-Նախկինում Դուք պնդում էիք, թե պետք է լինի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարություն: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին:

 

-Այո՛, պնդում եմ, այդ նախարարությունը պետք է զբաղվի նաև արտաքին առևտրով: Մեր բոլոր նախարարությունները ֆունկցիոնալ նախարարություններ են, զբաղվում են միայն օրենսդրական քաղաքականության մշակմամբ: Իսկ իմ ասած նախարարությունը պետք է լինի ֆունկցիոնալ-ճյուղային՝ և՛ ճյուղը կառավարի, և՛ օրենսդրական քաղաքականություն իրականացնի: Միայն Ճապոնիայի օրինակը բերեմ. Հայաստանը երբևէ Ճապոնիայի նման հզոր տնտեսություն չի ունենա, բայց եթե Ճապոնիայի նման երկիրն ունի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարություն, ինչո՞ւ մենք չընդօրինակենք այդ լավագույն փորձը:

 

Լրահոս

Դիտել ավելին