Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն Սյունիք էր գնացել տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով․ Իվետա Տոնոյան

19 Հունվար, 2021 16:33
ԲՀԿ-ն Սյունիք էր գնացել տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով․ Իվետա Տոնոյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչ նպատակով էր ԲՀԿ-ն գնացել Սյունիք, պատասխանեց, որ նպատակը Շուռնուխի 12 տեղահանված ընտանիքներին աջակցություն տրամադրելն է եղել։ Նշենք, որ համացանցում տեսանյութ տարածվեց, որ Սյունիքում փակել են Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհը, սակայն Տոնոյանն ասաց, որ այցը Սյունիք եղել է ԲՀԿ-ի նախաձեռնությունը, և Վազգեն Մանուկյանը դրա հետ կապ չունի:

«2 օր առաջ մենք, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Սյունիքի մարզում էինք, հանդիպել ենք Գորիս, Կապան, Մեղրի համայնքների քաղաքապետերի հետ, ծանոթացել ենք խնդիրներին՝ սահմանազատման, գործընթացի, անվտանգությանը սպառնացող վտանգների հետ կապված, նաև հանդիպումներ ենք ունեցել Շուռնուխի ու Որոտանի բնակիչների հետ։ Գիտեք, որ Շուռնուխն ու Որոտանը այն համայնքներն են, որ այժմ ադրբեջանական նշանառության տակ են գտնվում, և քանի որ Շուռնուխում կա 12 ընտանիք, որոնք տեղահանված են, ապրում են ժամանակավոր կացարաններում, տնակներում և այլն, սոցիալական լրջագույն խնդիրներ ունեն։ Երբ մենք պարոն Ծառուկյանին խնդիրը ներկայացրինք, հանձնարարական ստացանք` ամենակարճ ժամկետում կազմակերպել իրենց սոցիալական աջակցության տրամադրման գործընթաց, և այսօր կրկին մենք Շուռնուխում էինք և եկել էինք այդ ընտանիքներին սոցիալական աջակցությունը փոխանցելու համար՝ պարոն Ծառուկյանի կողմից հատկացված առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք և այլն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ձմեռն անցկացնելու։

Հետդարձի ճանապարհին՝ Սիսիան- Գորայք հատվածում, մի քանի տասնյակ մարդիկ մեր ճանապարհը փակել էին և որոշակի դժգոհություններ էին հնչեցնում Վազգեն Մանուկյանի, 17 կուսակցությունների, Հայրենիքի փրկության շարժման վերաբերյալ։ Անկախ ամեն ինչից՝ ես չեմ ուզում որևէ կոպիտ գնահատական հնչեցնել այս մասով, ես ուղղակի ցավ եմ ապրում՝ անկախ այն հանգամանքից, որ մենք այսօր կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, իսկ իշխանությունն ամեն դեպքում գնում է նման էժանագին պրովոկացիայի, որովհետև սա միանշանակ իշխանությունների կողմից կազմակերպված պրովոկացիա էր, դրանում երկու կարծիք լինել չի կարող։

Այնուամենայնիվ, մենք զրուցեցինք այդ մարդկանց հետ, բնականաբար, նրանք ճանապարհը բացեցին, մենք արդեն հետդարձի ճանապարհին ենք, բայց իշխանությունները շատ ցավագին են ընդունել նախօրեին խորհրդարանում մեր բարձրաձայնած այն խնդիրները, որտեղ մենք մատնանշել ենք, որ Սյունիքի մարզի անվտանգությունը կոնկրետ վտանգված է, և կան կոնկրետ սպառնալիքներ, որոնց իշխանությունը այսօր անկարող է դիմագրավել, բայց մեր դեմ ակցիաներ, պրովոկացիաներ կազմակերպելով` իշխանությունը վստահաբար չի լուծելու Սյունիքի գլխին կախված վտանգի հարցը»,- ասաց Տոնոյանը։

Լրահոս

Դիտել ավելին