Կարևոր իրադարձություններ

Վարչապետի նամակից հետո խորհրդակցությունները սկսվել են. Ռուսաստանը արդեն իրականացրել էր գործողություններ. Վաղարշակ Հարությունյան․ «Հայկական Ժամանակ»

03 Նոյեմբեր, 2020 20:19
Վարչապետի նամակից հետո խորհրդակցությունները սկսվել են. Ռուսաստանը արդեն իրականացրել էր գործողություններ. Վաղարշակ Հարությունյան․ «Հայկական Ժամանակ»

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:

«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

Վերջին օրերին ամենաքննարկված այդ եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը Վաղարշակ Հարությունյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Հարությունյան, Արցախում պատերազմի 5-րդ շաբաթն է: Խնդրում եմ նախ բնորոշել, թե ինչ փուլում ենք այս պահին՝ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով:

- Գնահատելով այսօրվա վիճակը՝ կարելի է փաստել հետեւյալը. ադրբեջանա-թուրքական դաշինքը, դրան գումարած՝ ահաբեկչական խմբերը չեն հասել իրենց նպատակին: Բլից կրիգը, ինչի վրա հաշվարկվել էր այս պատերազմի ամբողջ տրամաբանությունը, տապալվել է: Եվ մենք հիմա մարտի դաշտում գտնվում ենք մի փուլում, երբ Ադրբեջանը փորձում է նոր խմբավորումներ ձեւավորել եւ իրականացնել այն խնդիրները, որ իր առջեւ դրել է ի սկզբանե: Դա իր հետեւից բերում է պարտություններ քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում եւ ընդհանրապես: Ձեզ մի օրինակ բերեմ. բլից կրիգը մի շաբաթում հաջողելու դեպքում իրենք թաքցնելու էին իրենց զոհերի թիվը: Բայց քանի որ հիմա անցել է մեկ ամսից ավելի, խնդիրները սկսել են իրենց զգացնել տալ. կան վիրավորներ, կա հեռախոսակապ, որի միջոցով տեղեկատվությունը թիկունք է հասնում, ու հիմա դա լուրջ պրոբլեմի առաջ է կանգնեցնում Ադրբեջանին ոչ միայն ռազմական, այլ արտաքին քաղաքականության մասով: Այնպես որ, եթե մենք հիմա գնահատենք իրավիճակը, կարելի է ասել, որ ճակատում այսօր մարտական գործողությունները ընթանում են ավելի քիչ ինտենսիվությամբ, արդեն չկան այն ակտիվությունը եւ շարժը իրենց կողմից: Բայց կրկնում եմ, հիմա իրենք միանշանակ փորձելու են ձեւավորել նոր խմբավորումներ, որոնք կշարունակեն իրենց գործողությունները Ղարաբաղում:

- Ձեր հարցազրույցներում Դուք շեշտում եք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նպատակ են դրել հասնել Մեղրի եւ Քարվաճառ, շրջափակել Արցախը, միանալ Նախիջեւանին: Այս վտանգը դեռ շարունակո՞ւմ է լինել:

- Այո՛, սա առաջին հերթին Թուրքիայի պատերազմն է՝ Օսմանյան կայսրության վերականգնման հեռահար նպատակով: Ունենալ ցամաքային կապ Նախիջեւանից Ադրբեջան. դա Թուրքիայի գաղափարախոսության իրականացման միակ ճանապարհն է: 20 տարի է՝ ես դրա մասին խոսում եմ, այդ ծրագիրը եղել է, կա ու կլինի:

- Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Եթե փորձենք արդեն մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալ այդ նամակին, ո՞րն էր նման նամակի անհրաժեշտությունը:

- Այդ նամակը բխում էր 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» մեր համատեղ պայմանագրի 2-րդ հոդվածից: Այդ նամակը մեր իրավունքն էր եւ հնարավորությունը՝ որպես Ռուսաստանի դաշնակիցի, ինչը մենք օգտագործել ենք: Այնպես որ այստեղ որեւէ քննադատությունն անտեղի է: Ես հարց եմ տալիս՝ եթե մեր դեմ կռվում են Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, եւ այլ պետություններ, միջազգային ահաբեկիչները, ակնհայտ չէ՞, որ մենք պետք է դիմենք այն կառույցին, որի անդամ ենք:

- Բայց չդիմեցինք ՀԱՊԿ-ին, որի անդամ ենք, այլ դիմեցինք Ռուսաստանին:

- Մենք ՀԱՊԿ-ում ունենք ներկայացուցիչ՝ դեսպանի կարգավիճակով, որը ներկայացնում է իրավիճակը: Նա, ով լավ չի պատկերացնում, թե ինչ է ՀԱՊԿ-ը, նա չգիտի, որ ՀԱՊԿ-ի որոշումն այս տարածաշրջանում պետք է իրականացվի հայ-ռուսական խմբավորման միջոցով, որովհետեւ ՀԱՊԿ-ը գործում է՝ ըստ ուղղությունների. Արեւմտյան ուղղությունում գործում է ռուս-բելառուսական զորքը, Կովկասյան տարածաշրջանում՝ ՀԱՊԿ-ի հայ-ռուսական զորախումբը: Դրա համար մենք ուղիղ դիմել ենք Ռուսաստանին, որը, ըստ երկկողմ պայմանագրի, ունի նույն պարտավորությունները, ինչ ՀԱՊԿ-ն: Հայաստանի վարչապետն ասել է, որ մենք բոլոր միջոցներին կդիմենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգությունը նաեւ ՀԱՊԿ-ում: Այնպես որ մեկը մյուսին չի բացառում:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ռուսաստանի արձագանքից հետո հնչած մեկնաբանություններին: ՀՀ առաջին նախագահը, օրինակ հայտարարեց, որ Ռուսաստանի արձագանքը նշանակում է՝ «Պարտավորված եւ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ»։

- Ես այդպես չէի մեկնաբանի, որովհետեւ մենք դիմել ենք՝ ըստ 1997 թվականի պայմանագրի 2-րդ կետի, այդտեղ հարց չկա Ղարաբաղի մասին: Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը որեւէ պարտավորություն չունի Ղարաբաղի հարցում: 2-րդ կետում նշվում է, որ կողմերը կսկսեն անհապաղ խորհրդակցություններ: Եվ Ռուսաստանը պատասխանել է, որ, այո, Ռուսաստանը իր պարտականությունները, պարտավորությունները կկատարի՝ ըստ այդ պայմանագրի, եւ սկսել ենք խորհրդակցությունները: Այստեղ ի՞նչ մեկնաբանություն կարող է լինել: Ինչ հարցով դիմել ենք, ստացել ենք դրական պատասխան:

- Այդ խորհրդակցությունների արդյունքում ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ: Կապանում, օրինակ, երեկ եւս քաղաքացիական զոհ ունեցանք: Սյունիքի մարզի անտառներում կիրառվում են ֆոսֆորային զինատեսակներ: Արդյոք այդ միջադեպերը չե՞ն կարող այդպիսի միջամտության հիմք լինել:

- Գիտեք՝ ինչ, Ռուսաստանը արդեն միջամտել է. ռուսական զորքը կանգնած է Երասխում, Լաչինի միջանցքի մոտ գտնվող հայկական գյուղում, որը գտնվում է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին: Այսինքն՝ արդեն գործում է այդ պայմանագիրը: Հիմա, ըստ պայամանգրի, կանցկացվեն խորհրդակցություններ, եւ կորոշվեն միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը. ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է:

- Ամեն դեպքում, փաստորեն, Պուտինին չի հաջողվում կանգնեցնել պատերազմը: Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը: Երեկ եւ նախօրեին էլ նա հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ:

- Պատճառը մեկն է. պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում: Նույնը եղել է 1994 թվականին: Մեր հասարակությունը պետք է հստակ պատկերացնի, որ 1994 թվին մենք ստորագրել ենք 3-4 փաստաթուղթ, ինչից հետո միայն մայիսի 16-ին եղել է վերջնական փաստաթուղթը: Նախ՝ եղել է փետրվարի 28-ին մի փաստաթուղթ, հետո՝ ապրիլի 15-ին (ԱՊՀ նախագահներն էին դիմել կոչով), մայիսի 6-ին Բիշքեքում կոչ են հղել ԱԺ նախագահները, ամսի 9-ին, 10-ին, 11-ին եղել են կոչեր պաշտպանության նախարարների կողմից եւ միայն մայիսի 16-ին է հրադադար հաստատվել: Այնպես որ սա գործընթաց է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին