Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ամաչում, որ իմ հայրենիքում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս. ՀՀ-ում Ուկրանիայի նախկին դեսպան

31 Հոկտեմբեր, 2020 09:25
Հեղինակ՝ Ալեքսանդր Բոժկո
Ամաչում, որ իմ հայրենիքում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս. ՀՀ-ում Ուկրանիայի նախկին դեսպան

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ:

Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին:

Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ:

Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ:

Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում:

Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ անվստահություն և կասկած սերմանել: Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն:

Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է:

Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեցեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել :

Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:

Դե, Աստված Ձեզ հետ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին