Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,62
    6,92

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա․ «Փաստ»

28 Հոկտեմբեր, 2020 08:19
Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում և անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլև ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։

Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ և տրանզիտային կարևոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով և Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ։

Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլև Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր և Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաև կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։

Դրա համար էլ Էրդողանը պարբերաբար խոսում է Եվրոպայում մահմեդականների իրավունքների պաշտպանության մասին՝ ձգտելով պրոթուրքական տրամադրություններ ձևավորել Եվրոպայում ապրող մահմեդականների շրջանում, որպեսզի եվրոպական երկրները կաշկանդվեն Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու հարցում։ Արդյունքում Թուրքիան այնքան է լկտիացել, որ իսլամի քողի ներքո հավաքագրում է ջիհադիստների, որպեսզի նրանց օգտագործի մի շարք հակամարտություններում և ահաբեկչական օջախներ ստեղծելով՝ առաջ տանի իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերը։

Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր գրոհայինների տեղափոխելով Արցախյան հակամարտության գոտի՝ Թուրքիան Հարավային Կովկասը վերածել է ահաբեկչական նոր օջախի, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Քանի որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության գոտուց ահաբեկիչներին հեռացնելու կոչերից բացի ոչ մի էական քայլերի չի դիմում, Թուրքիան կարծես քարտ բլանշ է ստանում ահաբեկիչներին նաև այլ տեղերում օգտագործելու համար։ Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար։

Այսինքն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչներին օգտագործել նաև Աթենքի դեմ պայքարում։ Դեռ ավելին՝ Էրդողանը, տեսնելով ԵՄ-ի անվճռական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, այնքան է չափն անցել, որ անցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալուն ու ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին։ Էրդողանի այսպիսի լկտի կեցվածքը պայմաններ է ստեղծում, որ ձևավորվի լուրջ հակաթուրքական կոալիցիա, որի կազմում տեղ կգտնեն ինչպես Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, Հայաստանը, Սիրիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։

Եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ը անվճռական են տրամադրված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդրում, ապա աշխարհագրական տեսանկյունից այսպիսի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու և Անկարային տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու հարցում, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, որի տնտեսությունը առանց այն էլ ծանր օրեր է ապրում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին