Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը․ ԱԳՆ հայտարարությունը

10 Հոկտեմբեր, 2020 22:30
Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ․

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:

Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:

Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։

Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին