Կարևոր իրադարձություններ

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է երեխաների շահից. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը

07 Հոկտեմբեր, 2020 10:22
Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է երեխաների շահից. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնել:

«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից», -այս մասին ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

 

Լրահոս

Դիտել ավելին