Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

15 Սեպտեմբեր, 2020 14:02
Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Պոլսահայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է այսօր: Դինքը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»։

Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.

«Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»։

Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ–թուրքական երկխոսությանը, նա հավատում էր, որ այս խոչընդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, Milliyet թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի։

Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդի ու թուրքահայերի համար։

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողիվրա[9]։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի և այլ մրցանակների։

2007 թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն։

Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։

2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին