Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. հարուցվել է քրգործ

02 Սեպտեմբեր, 2020 13:30
Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. հարուցվել է քրգործ

Առերեւույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ եւ փաստաթղթերի կեղծմամբ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել եւ ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում եւ ձեւավորվել գնահատող հանձնաժողով։

Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 ՀՀ դրամ եւ 26.730.000 ՀՀ դրամ գնային առաջարկներով։

Նախարարության եւ ընկերության միջեւ 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց եւ պետք է պիտանի լինեն բնակության համար։

Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել եւ պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։

Նախարարության ներկայացուցչի եւ ընկերության տնօրենի միջեւ կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար եւ ունեն երկու սանհանգույց։

Մինչդեռ, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը եւ առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեեւ կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։

Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա եւ նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում  պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։

Այսինքն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ եւ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին