Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը չի կատարում ռազմաքաղաքական դաշինքի իր գործառույթները․ բնական է՝ պետք է զբաղվի էժանագին մանիպուլյացիաներով․ Արման Բաբաջանյան

20 Հուլիս, 2020 17:30
ՀԱՊԿ-ը չի կատարում ռազմաքաղաքական դաշինքի իր գործառույթները․ բնական է՝ պետք է զբաղվի էժանագին մանիպուլյացիաներով․ Արման Բաբաջանյան

Համանացանցը մի քանի օր է ինչ քննարկում է Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունը, որտեղ վերջինս քննադատել էր Հայաստանի իշխանություններին, և մասնավորապես նշել․ « Վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իրավունք ունեն օգնություն սպասել Ռուսաստանից․․․  ՌԴ-ն իրավունքի ունի թքել Հայաստանի վրա։  

Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ․

-Պարո՛ն Բաբաջանյան, ի՞նչ գնահատական կտաք Սիմոնյանի հայտարարությանը,  հաշվի առնելով, որ նման  կարծիք հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ֆոնին։

-Անցյալ օրերին քաղաքացիների կողմից արդարացի զայրույթ, վրդովմունք, ցասում հնչեց Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ։ Բայց ես կուզեի, որ մենք դուրս գանք զգայական համատեքստից, հարթությունից,  և խնդիրը դիտարկենք մաքուր քաղաքականության, աշխարհաքաղաքականության ուղեծրում․ահա այդ հարթությունում Մարգարիտա Սիմոնյանի ազգությունն ու նրա ազգանվան այդ «յան» վերջավորությունը որևէ նշանակություն չունի։ Նա արտահայտել է ոչ թե ազգության հայ կնոջ կարծիք, այլ՝ ռուսական քարոզչական մեքենայի սպասարկուհու դիրոքորոշում, և դա նշանակում է, որ Սիմոնյանը նույն տեքստն ասելու էր, եթե նա լիներ՝ հրեա, վրացի կամ գերմանացի։  Այդպիսով նա արտահայտվել է, որպես ռուսական քարոզչամեքենայի ներկայացուցիչ, ինչը նշանակում է, որ նրա ասածները ռուսական ինչ-ինչ շրջանակների  մոտեցումներ են։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ տեսակետը հնչել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող այս լարվածության համայնապատկերում, ապա դա ևս զարմանալի չէ՝ ռուսական քարոզչությունն օգտագործում է ցանկացած առիթ իր շահերը առաջ տանելու համար։ Սա նման օրինակներից միայն մեկն է, և Սիմոնյանի վերոնշյալ հայտարարություններն իհարկե վրդովեցուցիչ են, բայց դրանց պետք է վերաբերվել որպես իրողության, որպես  ռուսական առնվազն որոշակի շրջանակների տիրապետող կարծիքի, և դրանից հետևություններ անել։ Իսկ հետևությունը մեկն  է՝ պետք է շարունակել աշխատել ռուսական կողմի հետ, աշխատել ոչ միայն դինվանագիտության մակարդակում, այլև մյուս բոլոր հարթություններում՝ խորհրդարանական  դիվանագիտություն, փորձագիտական համքարություն, մտավորականություն, լրագրողական հանրություն և այլն։ 

Ակնհայտ է, որ Հայաստանում 2018թ․-ի հեղափոխությունից հետո ՌԴ-ում կամ՝ դրա առնվազն որոշակի շրջանակներում կա անհասկացվածություն Հայաստանի նկատմամբ։ Ռուսները դեռևս չեն կարողանում, կամ չեն ցանկանում ընդունել Հայաստանում  տեղի ունեցած փոփոությունների ողջ էությունն ու բովանդակությունը, բայց դրա համար սխալ է մեղադրել միայն ռուսական կողմին, դա նաև Հայաստանի՝ մեր համապատասխան շրջանակների, քաղաքական ու մյուս  էլիտայի վատ աշխատանքի արդյունքն է։ Ահա այդ աշխատանքը նման անցանկալի դրսևորումներից հետո պետք է կրկնապատկել, բազմապատկել, առանց վերապահության։

-Կարծիքներ կան, որ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի սպասարկուներից է։ Դուք այս հայտարարության մեջ Կրեմլի «ականջները» տեսնու՞մ եք։

-Կրեմլի «ականջներ» չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ եթե պետք լինի Հայաստանին որևէ ուղերձ հղել՝ Կրեմլը դա կանի շատ ուղիղ և այն անձանց, այն շրջանակների կողմից, որոնք իրավունք ունեն Կրեմլի անունից հանդես գալու։ Ես Մարգարիտա Սիմոնյանին չեմ համարում Կրեմլի դիրոքորշումը ներկայանցնող անհատ, թեև նա գլխավորում է պետական լրատվամիջոցներ։  Նրա այդ գրառումը,  որևէ շատ ավելի զգացական պատասխան էր այն գրառումներին, որոնք նրա հայրենակիցները՝ մենք բոլորս, փաստորեն նաև պահանջում էինք Մարգարիտսա Սիմոնյանին դիրքորոշում հայտնել հայ-ադրբեջանական սահմանին  տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ , և նա ուղղակի զայրացած իր դիրքորոշումն էր հայտնել, և գրառմամբ դիմել էր, ոչ թե ժողովրդին, այլ՝  իշխանություններին կշտամբել էր մի շարք հարցերում, որոնք անհեթեթ են և իրական քաղաքականության հետ որևէ աղերս չունեն։ Հետևաբար, ցավում եմ՝ Սիմոնյանի համար և ամենևին չեմ կարծում, որ պաշտոնական Կրեմլը, առավել ևս 2018թ․-ի իշխանափոխությունից հետո իրեն թույլ կտա Հայաստանի և հայ ժողովրդի հետ այդ տոնով խոսել։

 -Պարո՛ն Բաբաջանյան, Սիմոնյանն իր գրառման մեջ անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նշելով,  թե Հայատանի իշխանությունները Քոչարյանին նստեցնելով թքել են «ռուս ընկերների» վրա։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը, ի՞նչ իրավունքով է Մարգարիտա Սիմոնյանը խառնվում Հայաստանի ներքին գործերին։

-Այդ հայտարարությունն ինձ համար կանխատեսելի և սպասելի էր։ Ռուսաստանում, եթե ոչ բոլորը, ապա առնվազն որոշակի շրջանակներ  իրենց քաղաքականությունը կառուցում են այս կամ այն սուբյեկտի, անհատի, վարած կամ վարվող աշխատանքի վրա, տվյալ դեպքում դա Քոչարյանն է, որը նման հայտարարությունների տրամաբանության ներքո ներկայանում է  ոչ այլ ինչ, քան ռուսական ազդեցության սուբյեկտ։ Դա ուղղակի խայտառակություն է մի անձի համար, որը 10 տարի եղել է ինքնիշխան Հայաստանի ղեկավարը, բայց ի՞նչ անենք, ունենք այս իրավիճակը, ունենք այսպիսի նողկալի իրականություն, և այսպիսի քստմնելի առաջնորդներ, որոնք 10 տարի զվաղվել են մի աշխատանքով, որը ավելի ու ավելի մաշեցրել է Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատվությունը և դրան ևս պետք է վերաբերվել առանց զգայականության, և խնդիրը դիտարկել կրկին մաքուր քաղաքականության տիրույթում։

Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ իրավունքով է Սիմոնյանը խառնվում Հայաստանի ներքին գործերին, ապա պետք է ասեմ, որ դա Ռուսաստանին շատ հատուկ դրսևորումներից է։ Նրանց թվում է, թե իրենք կարող են խառնվել բոլոր այն երկրների ներքին գործերին, ում համարում են իրենց ազդեցության տակ գտնվող միավոր։ Սա խոսում է ռուսական այդ շրջանակների  ոչ ադեկվատ լինելու մասին։ Այն կաղապարները, որոնցով նրանք առաջնորդվում են, կարծում եմ՝ այլևս կենսունակ ու ակտուալ չեն, դրանք նախկին Հայաստանին վերաբերող կարծրատիպեր են, որտեղ չկար լեգիտիմ իշխանություն և դրանից ելնելով էլ ռուսներն անում էին այն, ինչ ցանկանում էին։ Հիմա իրականությունն այլ է, Հայաստանն ունի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն և ես կարծում եմ, որ այդ իշխանությունն ունակ է պաշտպանել մեր երկիրը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ոտնձգություններից։

-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր տեղադրվել էր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը՝ «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին» վերնագրով հոդվածը, որը հետո արագ հեռացվեց։

Ձեր կարծիքով ինչու՞ այս հոդվածը տեղադրվեց և ջնջվեց՝ միջազգային այնպիսի կառույցի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որը բոլորովին այլ գործառույթներ պետք է իրականացնի՝ հատկապես այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը թուլացնելու համար։

-Դա ևս թույլ տվեք վերագրել իմ կողմից նշված իշխանության բազմաշերտ և բազմագործոն բնույթին։ Դժվար է ասել, որ խմբակը ի՞նչ շահ է հետապնդել այդ հրապարակումը տեղադրելով և անմիջապես հեռացնելով, բայց դա վկայում է ՀԱՊԿ-ի՝ որպես ինստիտուտի, կառուցի, որպես աշխարհաքաղաքական դաշինքի անլրջության  մասին։ Տավուշում Ադրբեջանի սանձազերծած գործողությունները հերթական թեստն էին, քննությունն էին՝ ՀԱՊԿ-ի համար, որն ըստ էության կրկին ձախողեց։ Համարժեք չաձագանքելով տեղի ունեցածին, այս կառուցն առաջին հերթին հարվածեց իր իսկ հեղինակությանը, բայց դրանում նաև դոմինանտ դերակատարում ունեցող Ռուսաստանի հեղինակությանը։ Ցույց տալով, որ ՀԱՊԿ-ում ադրբեջանական լոբբինգը շատ ավելի ազդեցիկ է, քան այդ կառույցի կանոնադրությունն ու  անդամների շահերը, և եթե ՀԱՊԿ-ը չի կատարում ռազմաքաղաքական դաշինքի իր գործառույթներն ու առաքելությունը, բնական է՝ պետք է զբաղվի այնպիսի էժանագին մանիպուլյացիաներով, ինչպես մի հոդված տեղադրելն ու հեռացնելն է։ Ես կարծում եմ՝ նույնիսկ անլուրջ է այս մասին խոսելը, պիտի ամոթ զգա այդ կառուցի ղեկավարությունը՝ մասնավորապես գլխավոր քարտուղար Զասը, որ թույլ է տալիս այսպիսի իրողություններ։ 

-Մարգարիտա Սիմոնյանը արդյո՞ք պետք է ճանաչվի անցանկալի անձ՝ Հայաստանի համար։ Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանություններն այս հարցում։

 -Կարծում եմ՝ մենք ուղղակի արդեն գերագնահատում ենք այդ կնոջ դերակատարությունը,  այդչափ մեծացնելով նրա արժեքը՝ ռուսական քաղաքական վերնախավի համար։ Բազմաթիվ բացահայտումներ են վերջին շրջանում տեղի ունեցել, նաև կոռուպցիոն բնույթի՝ այս կնոջ և նրա ամուսնու հետ կապված։ Մենք գիտենք, թե նրանք ինչ քարոզչական գործիքներ են  այսօր ռուսական իշխանության համար, և ինչպես ցանկացած գործիք, նրանք էլ ժամանակի ընթացքում դառնում են անցանկալի, և գուցե հերթական փորձն է արվում շարքից հանելու՝ Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեսոյանին, և այսպես ասած նրանց դուրս շպրտել Կրեմլին մոտ գտնվելու ուղեծրից։

Կարծում եմ՝ այդ նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրան անցանկալի անձ դարձնելուն, ընդհանրապես անտեղի են, Մարգարիտա Սիմոնյանն ընդամենը քարոզչական մեքենա է, որին չպետք է պետական մակարդակով արձագանքի արժանացնել։ Հանրային այն ատելությունն ու մերժումը, որին անցած երկու օրերին Մարգարիտա Սիմոնյանն արժանացավ, կարծում եմ՝ լի ու լի բավարար է, որ ինքն արդեն անցանկալի անձ համարվի մեր երկրում։

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին