Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵԱՏՄ գործընկերներին՝ ՌԴ-ում հայկական մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ

20 Հուլիս, 2020 16:56
ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵԱՏՄ գործընկերներին՝ ՌԴ-ում հայկական մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով:

«ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրում ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ: Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում։ Դրանք խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են։ Այսպիսով, ստեղծվում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում»,- տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ՝ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը։ Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին հայտնի էր դարձել, որ ուսաստանաբնակ հայերը տասնյակ կիլոմետրեր էին կտրել, հասել և գնել էին Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

 

Լրահոս

Դիտել ավելին