Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Տավուշում տեղի ունեցածը անցած շաբաթ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության պայմանական փորձարկումն էր. Բաբաջանյան

13 Հուլիս, 2020 11:44
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Տավուշում տեղի ունեցածը անցած շաբաթ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության պայմանական փորձարկումն էր. Բաբաջանյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշում երեկ սկսված ու մինչև այս պահը շարունակվող ռազմական գործողությունները հերթական անգամ եկան ապացուցելու, որ պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, և հակառակորդը ցանկացած պահի ունակ է դիմելու ամենաստոր միջոցների։

 

Ինչպես միշտ, մեր զինված ուժերը փառքով ու պատվով կատարեցին ու շարունակում են կատարել իրենց առջև դրված առաջադրանքը, մինչև այս պահը մեր զինվորները առանց որևէ կորուստ կրելու հակառակորդին պատճառել են զգալի մարդկային ու նյութական կորուստներ՝ հետ շպրտելով նրանց իրենց դիրքերը։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած այս իրադարձությունները, սակայն, հերթական առիթն են քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, այդ գործընթացում միջազգային հանրության ու համապատասխան առաքելություն ունեցող կազմակերպությունների վարքն ու դիրքորոշումները կամ դրանց բացակայությունը։

Ընդամենը օրեր առաջ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը, որում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը հռչակված են որպես գերագույն արժեք։ Հաշված օրեր անց մենք տեսանք այդ ռազմավարությունը գործողության մեջ՝ Տավուշի մարզում։ Այո, բոլորս հպարտությամբ արձանագրում ենք մեր փառապանծ բանակի սխրանքն ու հերոսությունը, մեր զինված ուժերը, ինչպես միշտ, իրենց բարձրության վրա էին ու են։ Սակայն, ինչպես նշված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, անվտանգությունը միայն զինված ուժերով չէ, որ ապահովվում է, այն բազմաշերտ, բազմագործոն հասկացություն է, որում, այո, բանակն ունի վճռորոշ, սակայն ոչ եզակի դերակատարում։ Անվտանգության ապահովման գործում նույնքան կարևոր է համարժեք ու ճկուն արտաքին քաղաքականությունը, դաշնակիցների ու գործընկերների հետ այնպիսի հարաբերությունների հաստատումը, որ մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն համարվի նաև միջազգային անվտանգության համակարգի դեմ ուղղված գործողություն։

 

Դա, ցավոք, մենք չտեսանք երեկվա իրադարձություններից հետո։ Տավուշի մարզը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագծին, Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ ՀԱՊԿ-ը կանոնադրական պարտավորություններ ունի արձագանքելու իր անդամ պետության նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում։ Սակայն մենք երեկվանից ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք տեսել ու չենք լսել, ինչը ոչ միայն Հայաստանի նկատմամբ այդ կազմակերպության պարտավորությունների խախտում է, այլև հարվածում է հենց իր՝ ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Մենք առաջիկայում գործուն քայլեր պետք է ձեռնարկենք առնվազն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովից համապատասխան ու համարժեք հայտարարություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից, սակայն, ՀԱՊԿ-ի նման ամորֆ դիրքորոշումը գալիս է վկայելու այն իրողությունը, որ նման դաշինքներն այլևս սպառել են իրենց։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա ՀԱՊԿ-ը գործնականում Ռուսաստանն է, և ՀԱՊԿ-ից համարժեք դիրքորոշում ակնկալելով՝ մենք դիրքորոշում ենք ակնկալում հենց Ռուսաստանից։ Իսկ դա նշանակում է, որ մենք մեր ջանքերը պետք է ուղղենք առավելապես երկկողմ հարաբերությունների սերտացման ու զարգացման ուղղությամբ, նոր՝ հետկորոնավիրուսային աշխարհում դաշինքային ձևաչափերն այլևս կենսունակ չեն ու չեն լինելու։

Տավուշում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին նաև ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունն ու թերացումները։ Մինսկի խումբը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դադարեցրել է սահմանային հատվածներում մոնիթորինգի իր առաքելությունը, ինչը, ի թիվս այլ գործոնների, խթանել է ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի նկրտումները։ Իսկ դա նշանակում է, որ մենք աշխատանք ունենք կատարելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հետ ընդհանրապես։ Ակնհայտ է, որ նման ռազմական սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը փորձում է ստանալ պատերազմ հրահրելու միջազգային ինդուլգենցիա, ինչը կանխելուն պետք է ուղղված լինեն հայկական կողմերի բոլոր ջանքերը։

Ինչպես վերը նշվեց, Տավուշում տեղի ունեցածը անցած շաբաթ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության պայմանական փորձարկումն էր՝ գործողության մեջ։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ նման փորձարկումների, ցավոք, կարող ենք ականատես լինել շատ հաճախ, ցանկացած պահի։ Եվ պատրաստ լինելով՝ պետք է կարողանանք անել առավելագույնը՝ Ազգային անվտանգության ռազմավարության տեքստին ու տրամաբանությանը համապատասխան գործելու ու ամենակարևորը՝ մեր անվտանգության պաշտպանության գործում զինված ուժերին միայնակ չթողնելու ու նրանց համար թիկունքային պաշտպանություն ու աջակցություն ապահովելու համար։

Կեցցե Հայոց բանակը…»

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին