Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Հրանտ Նազարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են իրավաչափ․ ոստիկանություն

03 Հուլիս, 2020 14:21
 Հրանտ Նազարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են իրավաչափ․ ոստիկանություն

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ առավոտյան «ոստիկանները խոչընդոտել են Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը դատարանի շենք»։ Մեդիատիրույթում հայտնվեցին մեղադրանքներ սպաների հասցեին, որոնք թույլ չեն տվել դատավորին մուտք գործել շենք. վերջիններիս արարքը որակվեց ոչ իրավաչափ։

 

ՀՀ ոստիկանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ ոստիկանների իրականացրած գործողությունները եղել են օրինական և իրավաչափ։

Սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և արդեն հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության

7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

 

Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարեցված: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներից և աշխատակազմի աշխատողներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով: Հետևաբար՝ ոստիկանների կողմից լիազորությունների ժամկետը լրացած դատավորի մուտքը ՍԴ արգելելը չի կարող համարվել ոչ իրավաչափ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին