Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը և Օլեգ Ցուլեայը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

16 Հունիս, 2020 00:14
Զոհրաբ Մնացականյանը և Օլեգ Ցուլեայը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։

Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: 

Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով: 

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշեցին գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները: Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում: 

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին