Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով կարող են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել․ պարզաբանում է АМ իրավաբանական ընկերության փաստաբանը

15 Հունիս, 2020 17:07
Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով կարող են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել․ պարզաբանում է АМ իրավաբանական ընկերության փաստաբանը

Ինչպես հայտնի է երեկ` հունիսի 14-ին, ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող մի քանի ընկերություններում, Գեղարքունիքի տարածքային գրասենյակներում։ Վերջինս կանչվել էր հարցաքննության, որից հետո ԱԱԾ–ն տարածեց երեք քրեական գործի մասին հաղորդագրություն, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանի հետ։

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նշելով , որ վաղը՝ հունիսի 16–ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգնա ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

АМ իրավաբանական ընկերության փաստաբան Ալբերտ Սիմոնյանը Shabat.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե  ինչպե՞ս  և ի՞նչ ընթացակարգով կարող են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել․


Պարո՛ն Սիմոնյան, կմանրամասնեք՝  ի՞նչ ընթացակարգ է գործում և ինչպե՞ս կարող են պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից ․

–ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորի անձեռնմխելիությունը, մասնավորապես՝ առաջին մասով նշվում է, որ պատգամավորը չի կարող ենթարկվել պատասխանատվության՝ պատգամավորական գործունեության ընթացքում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար։ Սակայն նույն հոդվածի երկրորդ մասը նախատեսում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ–ի համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ երբ պատագամավորի նկատմամբ պետք է հարուցվի քրեական հետապնդում,գլխավոր դատախազը քրեական դատավարության օրենսգրքի 53–րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում կարող է դիմել ԱԺ–ին, որպեսզի պատգամավորը զրկվի անձեռնմխելիությունից, և վերջինիս նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում ։ ԱԺ–ն իր համաձայնությունը տալիս է հետևյալ կերպ՝ նախ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներակայացնում ԱԺ նախագահին,  վերջինս այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին։ Միջնորդագրին պետք է կցվեն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին ԱԺ–ի որոշման նախագիծը։ Այսնինք, բացի նրանից, որ միջնորդագիր է ներկայացվում, նաև պետք է ներկայացվի նախագիծ։

Իսկ ինչպե՞ս է քննարկվում միջնորդագիրը․

–Մինչև 20 րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել։ Այնուհետև տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Վերջում, թե՛ պատգամավորին , թե՛ գլխավոր դատախազին, տրվում է ևս 20–ական րոպե, որպեսզի նրանք եզրափակիչ ելույթով հանդես գան։ Որոշումը ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, և վերջում ԱԺ նախագահը՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին ԱԺ–ի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ։

Միջնորդագրում նշված պատգամավորը կարո՞ղ է բացակայել ԱԺ նիստից.

–Եթե հարգելի պատճառով է նիստից բացակայում , ապա հարցը քննարկվում է առանց պատգամավորի մասնակացության․

Իսկ ի՞նչ կլինի , եթե վաղը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չմասնակցեն Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկությանը․

– Մենք ունենք 132 պատգամավոր, որոնցից 88–ը «իմ քայլը» խմբակցությունից են ։ ԱԺ կանոնակարգ 101–րդ հոդվածը սահմանում է, որ խորհրդարանի որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Սա նշանակում է, որ նույնիսկ, եթե  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չմասնակցեն քվեարկությանը, ապա «իմ քայլի» քվեարկությունը կարող է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել։

 

Աննա Ղազարյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին